Հայկական ֆուտբոլի հիվանդությունը ազգային հավաքականի մարզիչը չէ

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն երրորդ մարզիչն է ունենում Արմեն Գյուլբուդաղյանցից և Աբրահամ Խաշմանյանից հետո: Գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա Խոակին Կապարոսը, որի հետ պայմանագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:

Ակումբի կամ թիմի գլխավոր մարզիչը չափազանց կարևոր դերակատարություն ունի հաջողության հարցում, սակայն Հայաստանի դեպքում հիվանդությունը շատ խորն է, և գլխավոր մարզիչը, ով էլ լինի՝ Գյուլբուդաղյանցը կամ Գուարդիոլան, Խաշմանյանը կամ Կլոպը, արդյունքների հարցում ակնհայտ մեծ տարբերություն չի կարող լինել:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի անունը և կրթությունը ևս առաջնային չէ լայն հաշվով, թեև ազգային հավաքականը և տարիքային խմբերի բոլոր հավաքականների հաջողության ու անհաջողության պատասխանատուն հենց ֆեդերացիան է ու նրա նախագահն ու ղեկավարությունը:

Եթե ուզում ենք բուժել հայկական ֆուտբոլը, ապա նախ պետք է հասնել նրան, որ հայկական ֆուտբոլը լինի բիզնես, այն է՝ շահավետ ներդրումների և ներդրողների համար:

Այսօր հայկական ֆուտբոլը՝ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունները գոյություն ունեն, քանի որ կան անհատներ, որոնք փող են ծախսում հայկական ֆուտբոլի համար:

Ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չէ հիմնական ներդրում կատարողն ու փող ծախսողը, այլ ակումբների տերերը: Ու եթե, օրինակ, վաղը ակումբների տերերը որոշեն, որ այլևս չեն ուզում փող ծախսել, ապա հայկական ակումբային ֆուտբոլ ուղղակի չի լինի:

Իսկ ինչու է կարևոր ակումբային ֆուտբոլը: Որովհետև ակումբների ֆուտբոլիստներով են ձևավորվում ազգային և մյուս հավաքականները: Չլինի ակումբային առաջնություն, չի լինի նաև ազգային հավաքական: Կհարցնեք՝ չէ՞ որ այսօրվա Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հիմնական մասը Հայաստանում չի խաղում: Ճիշտ է, բայց նրանք արտասահմանյան ակումբեր են տեղափոխվել հենց ազգային առաջնությանը մասնակցող թիմերից: Առանց «Փյունիկ» թիմի, մենք չէինք ունենա Հենրիխ Մխիթարյան:

Հայաստանի Բարձրագույն խմբի 9 ակումբներից 4-ի ֆինանսավորումը գալիս է հայկական բիզնեսից, 5-ը՝ դրսից: Գյումրիի «Շիրակի» տնօրենը, այն է՝ փող ծախսողը, Արման Սահակյանն է, Վանաձորի «Լոռի ՖԱ»-ինը՝ Թովմաս Գրիգորյանը, Երևանի «Ալաշկերտ»-ինը՝ Բագրատ Նավոյանը, իսկ Կապանի «Գանձասար-Կապան» ակումբինը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հայկական բաժնեմասի տերերից մեկը:

Ինչու եմ օգտագործում «փող ծախսող» ձևակերպումը. քանի որ այս ակումբների տերերը փող են ծախսում և կարող են տարիներով փող ծախսել, սակայն վերադարձ չունենալ: Նույնը վերաբերում է մյուս 5 թիմերին, որոնք արդեն դրսի փողերով են ֆինանսավորվում: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի տերը «Տաշիր գրուպն» է կամ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից, Երևանի «Արարատ»-ինը՝ Վարդան Սրմաքեշը Շվեյցարիայից, Երևանի «Փյունիկ»-ինը՝ Արթուր Սողոմոնյանը՝ Ռուսաստանից, Երևանի «Ուրարտու»-ինը՝ Ջևան Չելոյանցը Ռուսաստանից և նորաբաց Երևանի «Նոա» ակումբի տեր/երը ևս Ռուսաստանից են, բոլորը՝ ազգությամբ հայեր:

Հիմա հարց. եթե հայկական ֆուտբոլը տնտեսապես շահավետ չէ, ապա ինչու են ակումբի տերերը գումարներ ծախսում: Նպատակները և մտադրությունները կարող են լինել տարբեր: Մեկը կարող է ներդրում անել, մտածելով, որ հնարավոր է եկամուտ ունենալ, ինչպես ունենում են եվրոպական ակումբները ու մի քանի տարի միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո, փակի թիմը: Երկրորդը կարող է ներդում անել, քանի որ ֆուտբոլի սիրահար է՝ խելագար, և պատրաստ է իր ունեցածի 1 կամ 10 տոկոսը ծախսել: Բայդ դա էլ է ժամանակավոր: Երրորդը կարող է լինել մեծամիտ ու հավակնոտ, չորրորդը՝ հայրենիքի սիրահար և դա արտահայտել ֆուտբոլում փող ծախսելով և այսպես շարունակ: Այս ամենը, սակայն, հավերժ չի կարող լինել, երբ ֆուտբոլը չի դառնում ինդուստրիա:

Բարձրագույն խմբում ծախսվող տարեկան գումարները, Հայաստանի չափանիշներով, բավականին լուրջ են: Մեր ձեռքի տակ չունենք ճշգրիտ տվյալներ, բայց մեր տեղեկություններով, դրսից ֆինանսավորվող վերոնշյալ հինգ ակումբները վերջին առաջնությունում՝ 2018-2019 թթ., մեկ տարում միասին ծախսել են մինչև 8 միլիոն դոլար, իսկ հայաստանյան գործարարների կողմից պահվող չորս ակումբենրը միասին՝ մինչև 3 միլիոն դոլար:

Անշուշտ, Բարձրագույն խմբի 9 ակումբները 2018-2019 թթ. ունեցել են նաև եկամուտներ, առաջին հերթին՝ եվրոգավաթների մասնակցությունից, սակայն դրանք ընդհանուր առմամբ չեն գերազանցել ընդհանուր ծախսերի 15-20 տոկոսը:

Աշխարհում ակումբային ֆուտբոլը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝ ֆուտբոլիստների վաճառք, ակումբների մասնակցություն եվրոգավաթներին, գովազդ, ստադիոններում վաճառվող տոմսեր, հեռարձակման իրավունքի գումար, ակումբների ատրիբուտների՝ մարզաշապիկներ, դրոշներ, շարֆեր, գնդակներ և բազմաթիվ այլ պարագաների վաճառք:

Այսպիսով, աշխարհում ակումբային ֆուտբոլը լուրջ ինդուստրիա է, մինչդեռ Հայաստանում այն կախված է մոտ մեկ տասնյակ հայաստանցի և ազգությամբ հայ գործարարների նվիրումից:

Հայկական ակումբները դեռևս չեն կարողանում ֆուտբոլիստներ վաճառել, ընդ որում՝ բարձր գներով (բացառություններ եղել են ու հուսանք՝ կլինեն, ինչպես Հենրիխ Մխիթարյանն է, որի տրանսֆերային գինը բարձրացավ, երբ նա արդեն խաղում էր Դոնեցկի «Շախտյոր» թիմում), քանի որ ֆուտբոլիստ վաճառելու համար դու պետք է ունենաս ակումբային լուրջ առաջնություն: Հայկական ակումբները չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել եվրոգավաթներում: Ճիշտ է, անցյալ տարի «Արարատ-Արմենիա»-ն բավականին առաջ գնաց, բայց դա շնորհիվ ոչ թե հայկական ակումբային ֆուտբոլի, այլ որովհետև նորաստեղծ թիմը համալրված է դրսի ֆուտբոլիստներով: Հայկական ֆուտբոլը գովազդ գրեթե չունի, չունի նաև հանդիսատես, վկան՝ գրեթե դատարկ մարզադաշտերը, որտեղ մտնելու համար փող պետք չէ վճարել:

Ահա այս պայմաններում, երբ հայկական ակումբային ֆուտբոլը վնասաբեր է, ակնկալել, որ ազգային հավաքականը բարձունքների կհասնի, կամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ 2050 թվականին աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում մեդալ կնվաճի, ուղղակի ռոմատիզմ է և բարի ցանկություն:

Ում ուզում եք նշանակեք ազգային հավաքականի մարզիչ, ում ուզում եք նշանակեք ՀՖՖ նախագահ, հաջողություն չի լինի կամ կլինի դրվագային, ինչպես եղավ մի պահ Յան Պորտերֆիլդի կամ Վարդան Մինասյանի ժամանակ:

Ու հիմա նոր հարց. ի՞նչ պետք է անել, որ հայկական ֆուտբոլը կարողանա դուրս գալ վնասաբեր լինելու փակ շղթայից: Ինչի՞ց սկսել, ինչպե՞ս սկսել:

Այսօր, բարեբախտաբար, Հայաստանը, որպես պետություն, այնպիսի վիճակում է, որ ունի հնարավորություն ֆինանսավորելու հայկական ֆուտբոլը՝ պետական բյուջեից առանձին տողով ֆինանսներ տրամադրել:

Միանգամից կառարկեք՝ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում արդարացված չէ ֆուտբոլին տրամադրել գումարներ: Կարելի է ասել ավելին՝ իսկ գուցե հայկական ֆուտբոլում գումարներ ծախսող հայաստանցի և ազգությամբ հայ գործարարները փակեն իրենց ակումբները և գումարներն ուղղեն աղքատության հաղթահարմա՞նը:

Պետք է ընտրություն կատարել. եթե ուզում ենք բարձրակարգ ֆուտբոլ ունենալ, ապա դրա համար պետք է ներդրումներ անել: Անհատ գործարարները դա անում են արդեն երկու տասնյակից ավելի տարիներ, պետությունը մինչդեռ, 1 դրամ անգամ չի ծախսում:

Իսկ ի՞նչ ձևով պետք է ներդրում կատարի պետությունը: Սա արդեն խոսակցության այլ թեմա է, որին արժե անդրադառնալ, երբ պետությունը նման ցանկություն կունենա: Որպես սկիզբ, արժե ծանոթանալ մեր հարևան Վրաստանի փորձի հետ:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել