Ինչու է Պուտինը որոշել մնալ նաև 2024-ից հետո 

Այն բանից հետո, երբ 2012թ. Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահի պաշտոնում, թե՛ Ռուսաստանում, թե՛ արտերկրում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը 2024թ. սպասվող իշխանության փոխանցման գործընթացն էր (գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ Պուտինը վստահ հաղթանակ կտանի նաև 2018 թ. ընտրություններում)։ Ռուսաստանի գործող սահմանադրությունը արգելում էր նույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը, ինչը նշանակում էր, որ սահմանադրության պահպանման դեպքում Պուտինն իրավունք չէր ունենա մասնակցել 2024թ. ընտրություններին։ 

Տե՛ս նաև՝ Ռուսաստանում պատրաստվում են զրոյացնել Պուտինի նախագահական ժամկետները

2018թ. նախագահական ընտրություններից հետո իշխանության սպասվող փոխանցման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն ավելի էր աճել։ Բոլորն էին վստահ, որ այս կամ այն տարբերակով Պուտինը շարունակելու է էական ազդեցություն ունենալ Ռուսաստանի քաղաքական կյանքում նաև 2024թ. հետո, տարբեր էին կարծիքները միայն այս խնդրի լուծման ճանապարհների հարցում։ 2019թ. առավել քննարկվող տարբերակներից մեկը Պուտինի կողմից Ռուսաստան – Բելառուս միութենական պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելն էր։ Շատ վերլուծաբաններ դրանով էին բացատրում անցյալ տարի Ռուսաստանի աննախադեպ ակտիվությունը 1999թ. ստորագրված համապատասխան պայմանագրի կյանքի կոչման ուղղությամբ, ինչն ուղեկցվում էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ իրականացվող ճնշումներով։ Այն բանից հետո, երբ 2019թ. դեկտեմբերին միութանական պետության ստեղծման խնդրի շուրջ Պուտին – Լուկաշենկո երկու բանակցային ռաունդներն ավարտվեցին անարդյունք, վերլուծական շրջանակները սկսեցին դիտարկել այլ տարբերակներ։

2020թ. հունվարի 15-ին Պուտինն առաջարկեց էական փոփոխություններ իրականացնել Ռուսաստանի սահմանադրությունում, որոնց հիմնական մեխը նախագահի լիազորությունների որոշակի սահմանափակումն էր Պետական Դումայի ազդեցության ընդլայնման հաշվին, ինչպես նաև Պետական խորհրդի դերի ամրապնդումը։ Նույն օրն անսպասելիորեն հրաժարական տվեց 2012թ. մայիսից Ռուսաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևը, և ձևավորվեց նոր կառավարություն հաջողակ տեխնոկրատի համբավ վայելող Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ։ Միևնույն ժամանակ Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունները չէին ներառում մեկ անձի կողմից նախագահի պաշտոնում ընտրվելու սահմանափակումների վերացում, ինչը գրեթե բոլորին հիմք տվեց ենթադրելու, որ Ռուսաստանի նախագահը վերջնական որոշում է կայացրել 2024թ. նախագահի պաշտոնը թողնելու վերաբերյալ։ 

Հաշվի առնելով Պետական դումայի և Պետական խորհրդի լիազորությունների ավելացման առաջարկը՝ ակտիվորեն շրջանառության մեջ դրվեցին 2024թ. հետո Պուտինի կողմից Պետական խորհրդի նախագահ, Պետդումայի խոսնակ կամ նույնիսկ կառավարության ղեկավար դառնալու տարբերակները։ Վերլուծաբանները փորձում էին գնահատել դրանցից որն է առավել հավանականը և այն ինչ ազդեցություն կունենա ռուսական քաղաքական վերնախավում առկա ուժային հավասարակշռության վրա։

Սուրկովի աննկատ մնացած հարցազրույցը

Վերլուծաբանների բացարձակ մեծամասնության կողմից որպես հավանական տարբերակ դիտարկվող վարկածները կասկածի տակ դնող «առաջին ծիծեռնակը» նախագահ Պուտինի երկարամյա օգնական Վլադիսլավ Սուրկովի 2020թ. փետրվարի 26-ի հարցազրույցն էր։ «Սուվերեն ժողովրդավարության» տեսության մշակողը, որը Ռուսաստանում «Գորշ կարդինալի» համբավ ուներ, 2013թ. սկսած հիմնականում զբաղվում էր արտաքին քաղաքականությամբ։ Նա պատասխանատու էր Ուկրաինայի, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության համար։ 2020թ. հունվարին  Սուրկովը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ դա հիմնավորելով Ուկրաինայի խնդրում կոնտեքստի փոփոխությամբ։ Թերևս, արդեն նախկին պաշտոնյայի կարգավիճակն էր պատճառը, որ հարցազրույցում առաջ քաշված այն գաղափարը, որ նախագահի լիազորությունների սահմանափակումը իրավական առումով պահանջում է գործող նախագահի ժամկետների զրոյացում, լայն արձագանք չստացավ փորձագիտական շրջանակներում։ Մինչդեռ հարցազրույցի հրապարակումից ընդամենը 13 օր անց տեղի ունեցած կտրուկ փոփոխությունները հիմք են տալիս ենթադրելու, որ, թերևս, Սուրկովի հարցազրույցը որոշակի զոնդաժի փորձ էր։

Տերեշկովայի երկու առաջարկը

Եվ այսպես, 2020 թ. մարտի 10-ին Պետական Դումայում սահմանադրական փոփոխությունների օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ աշխարհում առաջին կին տիեզերագնած, պատգամավոր Վալենտինա Տերեշկովան ներկայացրեց երկու առաջարկ։ Առաջինը նախատեսում էր ընդհանրապես վերացնել մեկ անձի կողմից նախագահի պաշտոնում ընտրվելու սահմանափակումները, երկրորդը՝ դրանց պահպանմամբ Նախագահի պաշտոնը զբաղեցրած կամ զբաղեցնող անձին թույլատրել մասնակցել նախագահական ընտրություններին անկախ այն հանգամանքից, թե վերջինս նախքան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը քանի անգամ է զբաղեցրել Նախագահի պաշտոնը։ 

Այս հարցի քննարկման ժամանակ Պետական դումա եկավ և ելույթ ունեցավ նախագահ Պուտինը։ Կարևորելով իշխանության փոփոխելիության սկզբունքը և միաժամանակ շեշտելով կայունության ապահովման անհրաժեշտությունն ու բերելով ԱՄՆ-ի Նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի օրինակը, որը չորս անգամ անընդմեջ ընտրվել էր նախագահ, Պուտինը հայտարարեց, որ կարելի է ընդունել 2024թ. ընտրություններին իր մասնակցությունը թույլատրող առաջարկը, եթե Ռուսաստանի Սահմանադրական դատարանը այն Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի։ Գրեթե անմիջապես Պետական դուման 380 ձայնով հավանություն տվեց այս առաջարկին, և Ռուսաստանում գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Սահմանադրական դատարանը այն սահմանադրությանը համապատասխանող կճանաչի։

Պուտինը՝ առնվազն մինչև 2030

Եթե այս փոփոխությունները հաստատվեն 2020թ. ապրիլի 22-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, ինչի հավանականությունը գրեթե մոտ է հարյուր տոկոսի, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինը կմասնակցի և հաղթանակ կտանի 2024թ. նախագահական ընտրություններում։ Սա նշանակում է, որ Պուտինը նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն մինչև 2030թ., երբ լրանա նրա 78-ամյակը։ Վերջին շրջանում աշխարհի տարբեր պետություններում իշխանության եկած համեմատաբար երիտասարդ ղեկավարների ֆոնին (Թրյուդո, Մակրոն, Զելենսկի, Փաշինյան) սա կարող է տարօրինակ թվալ, սակայն չպետք է մոռանալ, որ օրինակ ԱՄՆ-ում 2020թ. նոյեմբերի 3-ին նախատեսված նախագահական ընտրություններում հաղթելու առավել մեծ շանսեր ունեցող թեկնածուներից Բեռնի Սանդերսը ընտրությունների օրն արդեն կլինի 79 տարեկան, Ջո Բայդենը՝ գրեթե 78 (ծնվել է նոյեմբերի 20-ին), իսկ գործող նախագահ Թրամփը՝ 74 տարեկան։

Պուտինի որոշման հնարավոր պաճառները

Պետական դումայում այսօր կայացած քվեարկությունից հետո շատերն են փորձում հասկանալ Պուտինի՝ 2024թ. ընտրություններին մասնակցելու որոշման պատճառը։ Դրանք կարող են բազմաթիվ լինել, սակայն կարելի է առանձնացնել մեկ հիմնական պատճառ։ Ամենայն հավանականությամբ, ռուսական քաղաքական և տնտեսական վերնախավը չի կարողացել համաձայնության գալ բոլորի կամ առնվազն բացարձակ մեծամասնության համար ընդունելի նոր թեկնածուի շուրջ, ինչը նշանակում է, որ 2024թ. հետո Ռուսաստանում կարող է սկսվել իշխանության համար պալատական պայքար, որն իր հերթին արագ կվերաճեր սեփականության վերաբաշխմանը միտված գործընթացի՝ անկանխատեսելի հետևանքներով։ 

Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ներիշխանական համաձայնություն կարող է ձևավորվել 2030թ. նախագահական ընտրություններից առաջ, սակայն ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը փաստացի ղեկավարող մարդկանց բավականաչափ փոքր շրջանակը ձևավորված ստատուս քվոն պահպանելու ավելի լավ տարբերակ չի գտել։