Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության օրինագծերի շուրջ 

Մարտի 3-ին Հոդված 3 ակումբում կազմակերպվել էր հանրային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների շուրջ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց e-draft.am կայքում շրջանառության մեջ դրված օրենքի երկու նախագծեր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը և Ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի նախագիծը: ՍիվիլՆեթը Գեմաֆին Գասպարյանի հիմնական մտքերը կրճատումներով և խմբագրումներով հավաքել է ստորև։

Գեմաֆին Գասպարյանը

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագծի մասին

Այս օրենքը կարգավորում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովման հարցերը: Օրենքի նախագծում մենք տալիս ենք տարբեր հասկացությունների ձևակերպումներ: Միջավայրի այն գործոնները, որոնք ոչ միայն ֆիզիկական են, այլև վերաբերելի են սոցիալական միջավայրին, ունիվերսալ դիզայնին… սահմանում ենք անկախ կյանքի վերաբերյալ հասկացությունը, անձնական օգնականի ինստիտուտի համար անհրաժեշտ հասկացությունները։ Դրանք հետագայում այլ կարգավորումներով ու օրենսդրական նախաձեռնություններով ևս դառնալու են համակարգ։

Օրենքի նախագծում դրված են այն արժեքները, որոնց հիմքով մենք շարժվելու ենք իրավունքահեն, հաշմանդամություն ունեցող անձի համահավասար ներգրավման և ներառման ուղղությամբ՝ սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում: 

Մենք այստեղ խոսում ենք այն սկզբունքներից, որոնց շրջանակներում  կառավարությունն իրականացնելու է իր քաղաքականությունը։ Մասնավորեմ` առողջապահության ոլորտում, կրթության ոլորտում, զբաղվածության ոլորտում, վերականգնողական ոլորտում և հարակից այլ ոլորտներում: Օրենքում շատ կարևոր մեխանիզմներ են ներկայացված, որոնց միջոցով ապահովվելու է ընթացքը և ընթացակարգը, գնահատվելու է արդյունավետությունը, կազմվելու են ծրագրերը և մոնիթորինգ է իրականացվելու: 

Ազգային հանձնաժողովը օրենքով նախատեսված լիազոր մարմնի, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, համալիր և տարեկան ծրագրերի կազմման ընթացքի գնահատականներ և առաջարկություններ է ներկայացնելու  և հաշվետվությունների վերաբերյալ եզրակացություններ է անելու որպես խորհրդատվական մարմին: 

Ստեղծվելու է Մատչելիության հանձնաժողով, որը լինելու է ինքնաբավ կառույց։ Նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից վեց տարի ժամկետով, և նրանք ապահովելու են մատչելիության վերաբերյալ մոնիթորինգը, գնահատումը, հետևելու են նախանշված որոշումների իրականացմանը։ Հանձնաժողովն ունենալու է գործառույթներ և պատասխանատվության շրջանակ, որպեսզի մատչելիության հետ կապված հիմնախնդիրները հնարավոր լինի առավելագույն կարճ ժամկետում լուծել:  

Ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի նախագծի մասին

Այս օրենքով կունենանք հաշմանդամություն ունեցող անձի գնահատման նոր համակարգ՝ բազմամասնագիտական խմբի կողմից: Ռեեստրը արդեն իսկ ձևավորվում է, դրանում ընդգրկված մասնագետները, վերապատրաստվելով օրենքի նախագծի ընդունումից հետո, անցնելու են աշխատանքի։ Ծրագրում ենք մյուս տարի: Ռեեստրը ոչ թե լինելու է հիմնական հանձնաժողով, այլ մասնագետներն ընտրվելու են պատահականության սկզբունքով, որպեսզի իրականացնեն գնահատման գործընթացը: 

Նախագծի նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:

Նախագծով նախատեսվում է նաև հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝  թեթև, միջին, ծանր, խորը:

Յուրաքանչյուր քաղաքացու մենք փորձելու ենք առավելագույնս օժանդակել ծառայությունների միջոցով, որպեսզի նրանք հաղթահարեն իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները, ինչին և ուղղված է այս համակարգը, ինչին և ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը, ինչին ձգտում ենք մենք՝ որպես քաղաքացիներ։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր տարբերությունից, պետք է սոցիալապես համահավասար ներառվի և լինի հասարակության լիիրավ անդամ: 

․․․

Ահա համառոտ այն գաղափարախոսությունը, արժեքները և սկզբունքները, որի շրջանակում մենք ձևավորում ենք այս նոր համակարգը:

Պատրաստել է Տաթևիկ Ղահրամանյանը (շարունակելի)