Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 23

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 23-ի․ այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության stopcov.ge հատուկ կայքը, որտեղ հավաքագրվում է կորոնավիրուսի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։

Ըստ կայքի՝ ներկայում Վրաստանում կարանտինի տակ է 126 մարդ, հիվանդանոցում վերահսկողության տակ՝ 46 մարդ, ինքնամեկուսացման մեջ է ավելի քան 1100 մարդ։ 

Տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր՝ ժամը 21։30-ին։

Մինչև մարտի 10-ի թարմացումը գրանցված դեպքերի թիվը 15 էր, որոնցից երկուսը վարակվել էին Իրանում, մեկը՝ Իսպանիայում, յոթը՝ Իտալիայում, ևս հինգը վարակվել էին Վրաստանում՝ Իտալիայից ժամանածներից։

Մասնագետները, մասնավորապես, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն, հայտարարել են, որ վարակվածների թիվը կարող է աճել։

Օրերս Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Իտալիայի հետ։ Իտալիայում կարանտինի տակ է հայտնվել ամբողջ ազգաբնակչությունը։ Այդ երկրից ժամանած անձանց նկատմամբ Վրաստանում սահմանվում է կարանտին։

Վրաստանի իշխանությունը կոչ է անում քաղաքացիներին արտերկիր մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

#CivilNet #News