Ընտրություններն ազնիվ էին, և ժողովուրդը գոհ է դրանց արդյունքներից․ Իլհամ Ալիև

Փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների գլխավոր պատճառը «բարեփոխումները խորացնելու ձգտումն էր»․ այս մասին մարտի 10-ին նոր խորհրդարանի առաջին նիստում հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Վերջինս պնդել է՝ «ընտրություններն ազնիվ էին, և ժողովուրդը գոհ է դրանց արդյունքներից», ինչի մասին, ըստ Ալիևի, «վկայում են ընտրություններից հետո գրանցված իրադարձությունները»։

Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը «ինչպես միշտ Ադրբեջանում ընտրական գործընթացին մոտեցել է երկակի չափանիշների դիտանկյունից և գտել է «ինչ-ինչ թերություններ՝ դրանք փորձելով մատուցել որպես մեծ իրադարձություն»։

Իլհամ Ալիևը վստահ է՝ երկրի նոր խորհրդարանը բազմակուսակցական է և մեծ դեր է խաղալու քաղաքական համակարգի կատարելագործման հարցում։

«Քաղաքական բարեփոխումներն անհնար են առանց կուսակցությունների միջև լայն երկխոսության։ Իշխող կուսակցությունը չի կարող միայնակ վարել քաղաքական երկխոսությունը»,- հայտարարել է Ալիևը։

***

Ադրբեջանում ընտրությունների ընթացքի, զանգվածային ընտրակեղծիքների մասին ավելի մանրամասն՝ 

Լցոնումներ, ծեծ, երկու մահ ու մեկ ընդդիմադիր խորհրդարանում. ընտրություններն Ադրբեջանում

Ստելլա Մեհրաբեկյան