Մատչելիության հանձնաժողով, անձնական օգնական, համընդհանուր դիզայն․ ի՞նչ կփոխվի հաշմանդամություն ունեցողների կյանքում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի երկու նախագծեր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին և Ֆունկցիոնալության գնահատման մասին:

Տե՛ս նաև՝ Հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության օրինագծերի շուրջ

Օրենսդրական փոփոխություններով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվելու է Մատչելիության հանձնաժողով, որը լինելու է ինքնաբավ կառույց։ Նախատեսվում է, որ հանձնաժողովի անդամներն ընտրվելու են Ազգային ժողովի կողմից վեց տարի ժամկետով, և նրանք ապահովելու են մատչելիության վերաբերյալ մոնիթորինգը, գնահատումը, հետևելու են նախանշված որոշումների իրականացմանը։ Հանձնաժողովն ունենալու է գործառույթներ և պատասխանատվության շրջանակ, որպեսզի մատչելիության հետ կապված հիմնախնդիրները հնարավոր լինի առավելագույն կարճ ժամկետում լուծել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը մարտի 3-ին հրավիրված քննարկմանը մանրամասնել է, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում օրինագծերով։

Մատչելիության հանձնաժողովի մասին

«Երբ մենք խոսում ենք մատչելիության մասին, մենք խոսում ենք ոչ միայն ֆիզիկական մատչելիության, այլ նաև տեղեկատվության և հաղորդակցության մատչելիության մասին, այն կարծրատիպերի հաղթահարման մասին, որոնք թույլ չեն տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել և ներառել միջավայր։ Դա է մատչելիությունը, որը պետք է ունենալ»,- նշում է Գեմաֆին Գասպարյանը:

Նրա խոսքով՝ Մատչելիության հանձնաժողովն ունենալու է հստակ գործառույթներ, որոնց միջոցով ՀՀ օրենքների պահանջներով, կառավարության որոշումներով, համալիր և տարեկան ծրագրերով նախանշված գործողությունների հետ կապված մոնիթորինգ է անելու․ «Եվ եթե, օրինակ, որևէ պաշտոնտար անձի կողմից կա թերացում, կառավարությունը կարող է պատասխանատվության ենթարկել նրան աշխատանքը չկատարելու համար»:

«Անհերքելի փաստ է, որ չնայած սահմանված պահանջներին, պարբերաբար խախտվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելություն ապահովելուն առնչվող նորմերը (քաղաքաշինության և այլ ոլորտներում): Մատչելիության վերահսկողության և խթանման նպատակով նախագծով նախատեսվում է ստեղծել Մատչելիության հանձնաժողով: Հանձնաժողովը ստեղծվում է որպես ինքնավար պետական մարմին, որի առջև դրվում են մատչելիության պաշտպանության, մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության, համընդհանուր դիզայնի սկզբունքների ապահովման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման, հանրային իրազեկվածության բարձրացման և այլ խնդիրներ: Հանձնաժողովը կնպաստի մշակված նորմերի կիրառմանը տուգանքների նշանակման, համապատասխան խորհրդատվություն տրամադրելու և մեթոդական ուղեցույցներ մշակելու և այլ գործողությունների միջոցով: Նախագծում սահմանվել են նաև հանձնաժողովի գործառույթները, կազմավորման կարգը, անդամներին ներկայացվող պահանջները և նրա գործունեության իրականացման վերաբերյալ այլ դրույթներ»,- նշված է օրենքի նախագծում:

Ֆունկցիոնալ սահմանափակումների մասին

Հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են կենսաթոշակ՝ 26 500 դրամ։ Պետությունն այդ գումարը տալիս է, որ անձն իր ֆունկցիոնալ սահմանափակումը հաղթահարի: «Ինչպես ասում են` եկեք թարս նստենք, ճիշտը խոսենք: 26 500 դրամով հաշմանդամություն ունեցող անձը կարո՞ղ է արդյոք հաղթահարել իր ֆունկցիոնալ սահմանափակումները ՀՀ-ում: Հետևաբար, մեր խնդիրը ոչ թե այսպես ասած «գլխառադի» քաղաքականությունն է, որ մի բան տվեցինք ու անցանք առաջ, այլ որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի համար իրականացվի ամբողջական անհատական կարիքների գնահատում և, դրանից ելնելով, ըստ յուրաքանչյուր գերատեսչության ոլորտային պատասխանատվության՝ տրամադրվեն ծառայություններ»,- ասում է Գեմաֆին Գասպարյանը։

Փոխնախարարի խոսքով՝ զուտ ֆինանսական աջակցությունից անցում է կատարվում, այսպես ասած, նաև ոչ դրամային ծառայությունների ապահովման գործընթացի. «Դա ենթադրում է, օրինակ, որ եթե մարդը տեսողության խնդիրներ ունի, և նրան գնահատում են իրականացրել,- շատ սպեցիֆիկ օրինակ եմ ասում ու մեկ կողմից նայելով հարցին,- կարող են ասել, որ ինքը կարող է օգտվել ձեռնափայտից, շան ծառայությունից կամ անձնական օգնականի ծառայություններից, և պետությունը պարտավորվում է մինիմալ անհրաժեշտ ֆունկցիոնալ սահմանափակումը հաղթահարելու համար ծառայություններ ապահովել»:

Հավելյալ ծառայությունները, որոնք ամբողջական գնահատում կունենան, արդեն քաղաքացին ինքը կիմանա ինչ ծառայություններից կարող է օգտվել, հնարավոր է՝ նաև իր նախաձեռնությամբ: Բայց պետությունը, ըստ փոխնախարարի, իր վրա պարտավորություն է վերցնում, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի ֆունկցիոնալ սահմանափակման մինիմալ անհրաժեշտ շեմը անցնի:

Անձնական օգնականի ինստիտուտ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագծում կա նոր՝ «անձնական օգնականի» հասկացությունը։ ««Անձնական օգնականը» ենթադրում է քաղաքացուն օգնություն, որը կարող է լինել վճարովի կամ անվճար: Մենք հիմա անձնական օգնականի ինստիտուտը ներդնելու համար պիլոտային մի քանի ծրագրեր ենք նախանշում, որպեսզի հասկանանք` ինչ խնդիրներ կան, ինչ հարցեր պետք է լուծենք, որպեսզի հետո անցնենք դրա համընհանուր կիրառմանը»,- նշում է Գեմաֆին Գասպարյանը:

Գասպարյանն ասում է, որ սպասում են օրենքի նախագծերի ընդունմանը, և ունեն կառավարության որոշման նախագծեր. «Այս քաղաքականությունը հնարավորինս կարճ ժամկետներում փորձելու ենք դարձնել իրողություն: Բայց կան նաև որոշակի ընթացակարգային ուշացումների օբյեկտիվ պատճառներ։ Մենք գործ ունենք մարդու հետ, և պետք է շատ զգույշ լինենք մեր որոշումներում, որովհետև մեր յուրաքանչյուր որոշում բազմահազարանոց խմբի է վերաբերում: Հայաստանում այսօր շուրջ 190 000 քաղաքացի հաշմանդամություն ունի»։

Համընդհանուր դիզայնի հասկացությունը

Ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի նախագծում կա հասկացություն՝ համընդհանուր դիզայն` (ունիվերսալ դիզայն):

Նախագծում նշվում է, որ համընդհանուր դիզայնը ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայնն է, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույն կերպով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար օժանդակ հարմարանքների առկայությունը։

Գեմաֆին Գասպարյանի խոսքով՝ համընդհանուր դիզայնը վերաբերում է նաև տրանսպորտային միջոցներին. «Համընդհանուր դիզայնը ենթադրում է մատչելիություն և հարմարեցում ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ինչ վերաբերում է շենք-շինություններին, որոնք արդեն իսկ կան, գոյություն ունեն, և դրանք տեխնիկապես հնարավոր չէ համընդհանուր դիզայնի պայմաններին համապատասխանեցնել, մենք օրենքում ունենք դրույթներ, որ պետք է աջակցող հարմարանքներ լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր օգտվում են այդ շենք-շինություններից»։

Տաթևիկ Ղահրամանյան

Մեկնաբանել