Հալեպից Երևան՝ նորացված հին բիզնեսով․ Խնկիկյանների պատմությունը

Խնկիկյանների ընտանիքը պատերազմի պատճառով Սիրիայից 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Նույն տարում Շանթ Խնկիկյանն այստեղ հիմնել է Khenkikian Electronics ընկերությունը՝ շարունակելով Հալեպում թողած գործը։

«Ինչպես բոլորը, եկանք ժամանակավոր, բայց շատ արագ կողմնորոշվեցինք, որ պետք է մնանք այստեղ»,- նշում է Խնկիկյանը։

Իսկ թե ինչու այդպես որոշեցին, ասում է․ «Պարզապես հեռատես եղանք, պարզ էր, որ պատերազմը կարճ չի տևելու»։

«Բոլոր սփյուռքահայերը միշտ մտածում են Հայաստան վերադառնալ, Հայաստանում մի գործ դնել, մնալ, ապրել, բայց ոչ ոք դա չի նախաձեռնում, եթե հանգիստ նստած է իր տեղում։ Մեզ համար պատերազմը Սիրիայում պատճառ դարձավ, որ գանք, առիթն օգտագործենք այստեղ հաստատվելու»,- խոստովանում է Խնկիկյանը։

Շանթն ամուսնացած է, ունի երկու երեխա։ Կինը՝ Արազը, այստեղ շարունակել է Սիրիայում կիսատ թողած ուսումը՝ Երևանի պետական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում։ Մասնագիտությամբ, սակայն, դեռ չի աշխատում։

Խնկիկյանների ավագ որդին՝ Ափիկը, ծնվել է Սիրիայում։ Տասներկու տարեկան է, սովորում է «Այբ» դպրոցում՝ վեցերորդ դասարանում։ Հայրն ասում է՝ տղայի համար սկզբում մի փոքր բարդ է եղել հարմարվել նոր դպրոցում, նոր ընկերներ ձեռք բերել, սակայն շատ արագ հաղթահարել է դժվարությունները։

«Ինքն իրեն արդեն էստեղի քաղաքացի է զգում, բայց, այնուամենայնիվ, ունի կապվածություն Սիրիայի հետ»,- ասում է Շանթը։

Ընտանիքի կրտսեր զավակը Հայաստանում է ծնվել։ Հնգամյա Քրիստափորը մանկապարտեզ է հաճախում։

Հայաստան են տեղափոխվել նաև Շանթի ծնողները, քույրերը՝ իրենց ընտանիքների հետ։

«Որևէ նոր երկիր տեղափոխվելիս, գործ հիմնելիս հանդիպում ես դժվարությունների՝ նոր օրենք, նոր պայմաններ, նոր շուկա։ Ստիպված էինք փոխել այն ոճը, որով աշխատում էինք Հալեպում։ Բայց իհարկե, ինչքան ժամանակն անցնում է, այնքան ավելի ենք հարմարվում»,- պատմում է նա։

Խնկիկյաններն այս ոլորտում աշխատում են 1969-ից։ Տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի բնույթը փոխվել է։ Այժմ Khenkikian Electronics-ը զբաղվում է էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ, վաճառքով և արտահանումով։

«2014-ից սկսեցինք Հայաստանի էլեկտրոնիկայի ոլորտում աշխատել։ Կատարում ենք ավտոմատացման համակարգերի արտադրություն, վաճառք, տեղադրում և սպասարկում»,- ասում է Խնկիկյանը։

Ամեն ինչ այստեղ է արվում՝ նախագծումից մինչև վերջնական արտադրանք։ Եվ այս ամենը ութ-ինը աշխատողի ձեռքով։ Աշխատողների թվում կան և՛ տեղացիներ, և՛ սփյուռքահայեր։

Արտադրանքն արտահանվում է արաբական մի շարք երկրներ՝ Լիբիա, Եմեն, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ։

Երևանի առավելությունների և թերությունների մասին խոսելիս Խնկիկյանն ասում է, որ քաղաքը շատ գեղեցիկ է, մթնոլորտը՝ ջերմ, բացասական կողմերն այնպիսին են, ինչպիսին ցանկացած այլ երկրում։ Ժպիտով ավելացնում․ «Միակ թերությունը երևի այն է, որ մարդիկ խաբել սիրում են»։

Խնկիկյանների էլեկտրոնիկայի խանութը շարունակում է գործել նաև Հալեպում, սակայն վերադառնալու մասին հայ գործարարը չի մտածում։ Ասում է․«Եկել ենք, որ մնանք»։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել