Կորոնավիրուս․ Հայաստան, տարածաշրջան և գլոբալ պատկեր

Մարտի 11-ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք․ այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հայաստանում վարակի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին։ Այսպիսով՝ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվածության 4 դեպք կա։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստան

Վրաստանում մարտի 11-ի դրությամբ դեպքերի թիվը հասել է 24-ի։

Կարանտինի տակ է 295 մարդ, հիվանդանոցային վերահսկողության տակ՝ 49 հոգի։ Վրաստանում վարակվածների թվում կա մեկ երեխա (12 տարեկան)։

Այսօր երկրի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ վրաստանյան նախարարություններն ու գերատեսչություններն անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի` աշխարհում և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:

Իրան

Իրանում, մարտի 11-ի հաղորդագրությունների համաձայն, մեկ օրում հաստատվել է 958 դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 9 000-ի։

Մահվան դեպքերի թիվը 354 է, կորոնավիրուսից ապաքինված և հիվանդանոցից դուրս գրվածների թիվը՝ մոտ 2 960։

Թուրքիա

Մարտի 11-ին Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, ըստ առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված տղամարդը մեկուսացվել է։

Ադրբեջան

Մարտի 11-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երկու դեպք։ Փետրվարի վերջից երկրում հաստատվել էր 15 դեպք։

Գլոբալ պատկեր․ հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա աշխարհում․ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը։ Այսօրվա դրությամբ հիվանդության դեպքեր են գրանցվել 114 երկրներում։ Ընդ որում, 81 երկիր չի հայտնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի մասին (COVID-2019), 57 երկրներ հայտնել են 10 և ավելի քիչ դեպքերի մասին, ինչը վկայում է այն մասին, որ երկրները կարող են փոխել պանդեմիայի ընթացքը:

ԱՄՆ-ը փակում է մուտքը Եվրոպայից ժամանածների համար։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ 30 օրով փակում է մուտքը Եվրոպայից ժամանածների համար․ բացառություն է Բրիտանիան։

Իտալիայում, որտեղ կարանտին է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, ներմուծվել են աննախադեպ սահամանակող միջոցներ, փակվել են բոլոր խանութները․ բաց են միայն մթերայիններն ու դեղատները։ Փակ են բարերը, ռեստորանները, վարսավիրանոցները, գրասենյակների մեծ մասը, սննդի ու ապրանքների առաքումը արգելված է։ Կառավարության որոշումը ուժի մեջ կմնա մինչև մարտի 25-ը։

Եվրոպական մի շարք երկրներում փակ են ուսումնական հաստատությունները, սահմանվել է հեռակա աշխատանքի ռեժիմ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսով կարող է վարակվել երկրի բնակչության 70 տոկոսը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել