Հայաստան-Վրաստան. ի՞նչ է նշանակում «ռազմավարական գործընկերությունը»

Մարտի 3-ին Թբիլիսի այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Վրաստանի հետ հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդելու անհրաժեշտության մասին: ՍիվիլՆեթը վարչապետի աշխատակազմին խնդրել է պարզաբանել, թե ինչ նկատի ունեն «ռազմավարական հարաբերություններ» ասելով։ Պատասխանում «ռազմավարական հարաբերությունների» տակ տեղավորել են ճանապարհների վերանորոգումը, բարձր մակարդակի փոխայցերը, տեղաշարժի դյուրացումը և այլն: Մինչդեռ, օրինակ, ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգերով երկու երկրներն իրար ռազմավարական գործընկերներ չեն համարում։

Մի շարք ձեռքբերումներ

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից նշում են, որ հայ-վրացական հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդելը միտված է փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար: Այդ համատեքստում վերջին 1,5 տարվա ընթացքում, կառավարության գնահատմամբ, հայ-վրացական հարաբերություններում «արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ»:

Մասնավորապես, առանձնացվում է Հայաստանի համար մեծ նշանակություն ունեցող Բավրա-Նինոծմինդա և Գոգավան-Գուգութի սահմանային անցակետին հարակից ճանապարհի վերանորոգման աշխատանքները։ «Չափազանց անմխիթար վիճակում գտնվող Բավրա-Նինոծմինդա ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն 2019թ. ավարտվել է։ Ընդհանուր 23 կմ ավտոճանապարհի 15 կմ ճանապարհահատվածը՝ Օրլովկա գյուղից մինչև Հայաստանի սահման, արդեն վերջնականապես պատրաստ է, իսկ Նինոծմինդա-Օրլովկա 7,5 կմ երկրորդ հատվածի վերանորոգման աշխատանքների համար վերջնաժամկետ է ընտրվել մինչև 2020թ. առաջին կիսամյակը»,- նշվում է պատասխանում։

Կառավարությունից նշում են նաև, որ 2019թ. մեկնարկել է նաև Գոգավան-Գուգութի սահմանային անցակետին հարակից ճանապարհի վերանորգումը․ «2019 թ. աշնանն արդեն ավարտվել է Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները։ Հայաստանն իր հերթին հիմնանորոգման աշխատանքներ է տանում դեպի վրացական սահմանային անցակետեր տանող ավտոճանապարհների վրա»:

Վերոնշյալ առօրեական միջպետական աշխատանքը, ըստ վարչապետի աշխատակազմի, տեղավորվում է հայ-վրացական հարաբերությունների ռազմավարական պատկերացումների շրջանակում:

Ազատ այցելություններն ու մերժվածները

ՍիվիլՆեթի՝ ռազմավարական համագործակցության մասին հարցին ի պատասխան նշվում է նաև, որ վարչապետ Փաշինյանի՝ մարտի 3-4-ը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը: Այն ենթադրում է, որ վերջնական համաձայնության դեպքում երկու երկրների քաղաքացիները կարող են ID (նույնականացման) քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ։ Կառավարության պատասխանում խոսք չկա այն հայաստանցիների մասին, որոնց մուտքը Վրաստան արգելված է։

Բոլորովին վերջերս հասարակական գործիչ Արա Պապյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Անցյալ տարի՝ 2019-ի հունիսի 6-ին, Վրաստան թույլ չէին տվել մուտք գործել արմատներով Ջավախքից, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին:

2019-ի հոկտեմբերի 11-ին էլ վրաց-հայկական սահմանային «Նինոծմինդա-Բավրա» անցակետում ավելի քան չորս ժամ սպասելուց հետո հայաստանյան Epress.am կայքի լրագրողներին էին արգելել մուտք գործել Վրաստան։

Ավելի վաղ, ինչպես նշում է Aliq.ge-ն, նմանատիպ բազմաթիվ դեպքեր ևս եղել են, երբ առանց որևէ հիմնավորման Վրաստան թույլ չեն տվել մուտք գործել հայ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, օրինակ՝ երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանին, սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին, պատմաբան Վահե Սարգսյանին և այլոց։

Լեզու և թատրոն

Վարչապետի գրասնեյակում Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության շրջանակում կարևոր ձեռքբերում են համարում Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերի մատակարարման հարցերի քննարկման և լուծման նպատակով հայ-վրացական աշխատանքային խմբի ձևավորումը: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպմանը ևս հայտարարեց, որ այդ ուղղությամբ առաջիկայում կհայտարարվի կոնկրետ պայմանավորվածության մասին»,- ասվում է ՍիվիլՆեթին ուղարկված պատասխանում:

Տեղեկացվում է նաև, որ կառուցվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր շենքը, որի ֆինանսավորումն ամբողջությամբ հանձն է առել իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը:

Թբիլիսիում հայկական թատրոնի շենքի վերանորորգման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2013-ին: Ի սկզբանե նախատեսվում էր այն վերանորոգել, բայց շենքն այնքան անմխիթար վիճակում էր, որ որոշվեց քանդել և նոր շենք կառուցել: Այն նախատեսվում է շահագործան հանձնել այս տարվա դեկտեմբերին:

Վարչապետի աշխատակազմում մատնանշում են նաև հայ-վրացական երկխոսության ակտիվացումը՝ փոխայցելությունների քանակը որակելով «աննախադեպ»:

«Վերջին երկու տարվա մեջ աննախադեպ քանակությամբ փոխայցելություններ և միջազգային հարթակներում հանդիպումներ են տեղի ունեցել՝ Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի ու նախագահների մակարդակով։ Տեղի է ունեցել ինը այց և շուրջ մեկ տասնյակից ավելի հանդիպումներ միջազգային հարթակներում։ Երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնվում ու խորանում է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում: Հայ-վրացական հարաբերություններում արձանագրվել են նաև այլ ձեռքբերումներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,- ասված է ՍիվիլՆեթին ուղարկած պատասխանում:

Ո՞ւր են փաստաթղթային հիմքերը

Վրաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալու մասին հայտարարությունները չունեն հստակ փաստաթղթային հիմքեր: Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Հայաստանը համարվում է որպես «մոտիկ հարևան», այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ հարաբերությունները, համաձայն նույն փաստաթղթի, «ռազմավարական մակարդակի» վրա են: Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում, որն այժմ վերանայման փուլում է, նշվում է. «Հայաստանի ու Վրաստանի երկարատև ռազմավարական շահերից է բխում տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը»:

Հարցերի հարցն է մնում այն՝ արդյոք Հայաստանի հետ հարաբերություններում Վրաստանը կարող է ռազմավարական նշանակություն քայլեր կատարել՝ առանց հաշվի առնելու Երևանի նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիային ու Ադրբեջանին: Այդ երկու պետությունները Վրաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներն են:

«Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին 2013-ին վարչապետի պաշտոնում հայտարարեց, որ Թբիլիսին ցանկանում է Երևանի նման կոմպլեմենտար քաղաքականություն վարել: Իրավիճակը սրվեց հատկապես, երբ Թբիլիսին հայտարարեց աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկման ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման վերագնահատման մասին, քանի որ այն մրցակցում է վրացական նավահանգիստների հետ:

Ադրբեջանի պատասխանը չուշացավ: Բաքվից խոսեցին անգամ Վրաստան մատակարարվող գազի ու նավթի հնարավոր թանկացման մասին: Իվանիշվիլիի Բաքու այցից հետո աբխազական երկաթուղու կառուցման հարցը մոռացվեց, կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին խոսակցությունները՝ ևս:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել