Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի երեք սցենար կա՝ կապված «առողջապահության համակարգի պատրաստվածության» հետ։
Գամկղրելիձեն ասել է, որ դեռ չի կարող հանձնարարականները հրապարակել, և այդ հարցը կքննարկի վարչապետի ստեղծած միջգերատեսչական խորհուրդը։ «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի եթերում Գամկղրելիձեն պարզաբանել է, թե ինչ է նշանակում պանդեմիա, և ինչ է այն փոխում Վրաստանի համար։
Նա նշել է, որ տասը օր առաջ, երբ ԱՀԿ-ն հայտարարել էր պանդեմիային պատրաստ լինելու մասին, Վրաստանը խստացրել էր ռեժիմները, կարանտինը, ինքնամեկուսացումը, հիվանդանոցների պատրաստվածությունը, ինչպես նաև սահմանափակել էր թռիչքները։
«Պանդեմիայի ժամանակ արդեն ինքդ պետք է որոշես․․․։ ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ արդեն պանդեմիա է․ քեզ սպառնում է վտանգ բոլոր երկրներից։ Այսօր մենք ունեցել ենք մեծ քննարկում։ Մենք կարանտինի տակ կպահենք Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից և Իտալիայից բոլոր ժամանողներին։ Երեք-չորս օրվա ընթացքում այնտեղ զննություն է իրականացվում, և եթե այդ մարդիկ ունեն ինքնամեկուսացման հնարավորություն, անցնում են ինքնամեկուսացման»,- ասել է կենտրոնի ղեկավարը։
Լուսինե Վարդանյան