Վրաստանը կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված երեք սցենար ունի

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի երեք սցենար կա՝ կապված «առողջապահության համակարգի պատրաստվածության» հետ։

Գամկղրելիձեն ասել է, որ դեռ չի կարող հանձնարարականները հրապարակել, և այդ հարցը կքննարկի վարչապետի ստեղծած միջգերատեսչական խորհուրդը։ «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի եթերում Գամկղրելիձեն պարզաբանել է, թե ինչ է նշանակում պանդեմիա, և ինչ է այն փոխում Վրաստանի համար։

Նա նշել է, որ տասը օր առաջ, երբ ԱՀԿ-ն հայտարարել էր պանդեմիային պատրաստ լինելու մասին, Վրաստանը խստացրել էր ռեժիմները, կարանտինը, ինքնամեկուսացումը, հիվանդանոցների պատրաստվածությունը, ինչպես նաև սահմանափակել էր թռիչքները։

«Պանդեմիայի ժամանակ արդեն ինքդ պետք է որոշես․․․։ ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ արդեն պանդեմիա է․ քեզ սպառնում է վտանգ բոլոր երկրներից։ Այսօր մենք ունեցել ենք մեծ քննարկում։ Մենք կարանտինի տակ կպահենք Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից և Իտալիայից բոլոր ժամանողներին։ Երեք-չորս օրվա ընթացքում այնտեղ զննություն է իրականացվում, և եթե այդ մարդիկ ունեն ինքնամեկուսացման հնարավորություն, անցնում են ինքնամեկուսացման»,- ասել է կենտրոնի ղեկավարը։

Լուսինե Վարդանյան