Հնարավորինս սահմանափակել այցելությունները ՊՆ ենթակա կառույցներ․ հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացված է ստորև․

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:
 
Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք.

հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական  հաստատություններ (հոսպիտալներ),

խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ»,- նշվում է հայտարարությունում: