Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 12-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։

«Ցավոք սրտի, սահմանին և շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ։ Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, խթանել բանակցային գործընթացը, որը միտված է քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելուն»,- ասել է Զախարովան։

Նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և նշել, որ ռուսաստանյան կողմը շարունակելու է հետևել այդ թեմային և մեկնաբանել այն։

***

Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում:

Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:

Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար»,- ասված էր հայտարարությունում։

#ՍիվիլՆեթ #Լուրեր