Ռուսներն ու սևամորթները «գրավել» են հայկական ակումբային ֆուտբոլը

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններում լեգեոներների՝ դրսից հրավիրված ֆուտբոլիստների թիվը հասել է աննախադեպ ծավալների և այսպես շարունակվելու դեպքում հայ ֆուտբոլիստները ամբողջությամբ դուրս կմղվեն մարզադաշտից, ինչի հետևանքով ակումբների համար որևէ հետաքրքրություն չի լինի գումարներ ծախսել մանկապատանեկան ֆուտբոլի համար:

Ակումբային թիմերը մանկապատանեկան ֆուտբոլի թիմեր պահում են նաև նրա համար, որպեսզի իրենց Բարձրագույն և Առաջին խմբի թիմերը համալրեն իրենց դպրոցների սաներով: Ֆուտբոլը, այդ թվում՝ մանկապատանեկան ֆուտբոլը, ծախսատար է: Ինչ իմաստ ունի գումար ծախսել մանկապատանեկան ֆուտբոլի համար, երբ ավելի էժան և նպատակահարմար է գնալ և Կոդ Դ՛իվուարից, Նիգերիայից կամ Ռուսաստանից պատրաստի ֆուտբոլիստներ բերել:

Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ակումբների հետ քննարկման արդյունքում նպաստավոր լուծում չկայացնի և չսահմանափակի լեգեոներների թիվը, ապա առաջիկա տարիներին հայկական ակումբները ամբողջովին կարող են զրկվել հայ ֆուտբոլիստներից, ինչը իր հերթին կհարվածի նաև Հայաստանի ազգային հավաքականին:

Որտե՞ղ պետք է աճեն հայ ֆուտբոլիստները, եթե ոչ Հայաստանի առաջնությունում: Եթե Հայաստանի առաջնությունում՝ ակումբներում ֆուտբոլիստներ չեն աճում, ապա ինչպե՞ս պետք է ձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը:

Ստեղծված պատկերը ավելի հասկանալի ներկայացնելու համար դիմենք թվերին:

Հատկապես ֆուտբոլում ռասիզմը տեղ չունի, սակայն, իրականություն է, որ այսօր ռուսներն ու սևերը ուղղակի գրավել են հայաստանյան ակումբային ֆուտբոլը:

Այս պահի դրությամբ, Բարձրագույն խմբում հանդես եկող 9 թիմերից միայն երկուսը՝ Գյումրիի «Շիրակ»-ը և Կապանի «Գանձասար-Կապան»-ը հնարավորություն ունեն խաղադաշտ դուրս գալ բացառապես հայ կամ հայաստանցի ֆուտբոլիստներ:

Երևանի «Արարատ»-ի հայտավորած 31 ֆուտբոլիստներից միայն 4-ն է հայ, մյուսները լեգեոներներ են, որոնցից 13-ը՝ Ռուսաստանից: Առաջնության վերջին՝ Լոռի»-ի հետ խաղում թիմը դուրս եկավ բացառապես ոչ հայ ֆուտբոլիստներով և որևէ հայ ֆուտբոլիստ չփոխարինվեց:

Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ի հայտավորած 26 ֆուտբոլիստներից միայն 6-ն են հայեր: Այդ 6-ից միայն 2-3-են խաղային ժամանակ ստանում: Առաջնության վերջին՝ «Շիրակ»-ի հետ խաղում թիմի մեկնարկային կազմում 3 հայեր էին, որոնցից մեկը փոխարինվեց:

Նորաստեղծ, Երևանի «Նոա»-ի հայտավորած 26 ֆուտբոլիստներից միայն 7-ն են հայեր: Մյուս 19 ֆուտբոլիստներից 13-ը Ռուսաստանից են: Առաջնության վերջին՝ «Փյունիկ»-ի հետ խաղում թիմի մեկնարկային կազմում չկար ոչ մի հայ ֆուտբոլիստ, փոխարինման դուրս եկավ միայն 1 հայ:

Երևանի «Ուրարտու»-ն, նախկին «Բանանցը»-ը, որ ունի հավանաբար լավագույն մանկապատանեկան դպրոցը, առաջնության վերջին՝ «Լոռի»-ի հետ խաղում, մեկնարկային կազնում ուներ 4 հայ ֆուտբոլիստներ, ևս մեկը դուրս եկավ փոխարինման:

Վանաձորի «Լոռի»-ի հայտավորած 24 ֆուտբոլիստներից 8-ն են հայեր: Վերջին՝ «Արարատ»-ի հետ խաղում, մեկնարկային կազմում երկու հայ ֆուտբոլիստներ էին, որոնցից մեկը փոխարինվեց: Այսպիսով, «Արարատ»-«Լոռի» խաղի վերջում խաղադաշտում ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար:

Երևանի «Ալաշկերտ»-ի հայտավորած 24 ֆուտբոլիստներից 9-ն են հայեր: Առաջնության վերջին՝ «Գանձասար-Կապան»-ի հետ խաղում, մեկնարկային կազմում էին 3 հայ ֆուտբոլիստներ, փոխարինման դուրս եկավ 4-րդը:

Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկը», որ դժվար ժամանակներն է ապրում, 28 հայտավորված ֆուտբոլիստների թվում ունի 11 հայեր: Վերջին՝ «Նոա»-ի հետ խաղում, մեկնարկային կազմում, խաղադաշտ էին դուրս եկել 5 հայ ֆուտբոլիստներ:

Միայն Գյումրիի «Շիրակ» և Կապանի «Գանձասար-Կապան» (այս թիմը վաղուց արդեն չի խաղում Կապանում) թիմերն են, որ կարող են խաղադաշտ դուրս բերել 11 հայ ֆուտբոլիստներ և նրանց փոխարինել հայ ֆուտբոլիստներով:

«Շիրակ»-ի հայտավորած 28 ֆուտբոլիստներից 19-ը հայեր են: Առաջնության վերջին՝ «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղում, Գյումրիի թիմը մեկնարկային կազմում դաշտ էր դուրս բերել 6 հայ ֆուտբոլիստ, ևս 2 հայեր մտան փոխարինման: Ընդգծենք նաև, որ «Շիրակ»-ի հայ ֆուտբոլիստների մեծագույն մասը Գյումրիից են՝ տեղի մանկապատանեկան դպրոցի սաներ:

Եվ, վերջապես, «Գանձասար-Կապան»-ի հայտավորած 24 ֆուտբոլիստներից 18-ը հայեր են: Թիմում հայտավորած 6 լեգեոներներից մեկական ֆուտբոլիստներ են Ուկրաինայից, Գանայից, Կոլումբիայից, Բուրկինա Ֆասոյից, Բրազիլիայից և Ռուսաստանից: Առաջնության վերջին՝ «Ալաշկերտ»-ի հետ խաղում թիմը խաղադաշտ դուրս եկավ 9 հայ ֆուտբոլիստներով, ևս 3-ը մտան փոխարինման:

Ահա սա է հայկական ակումբային ֆուտբոլի պատկերը:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել