Փաշինյանի և Աննա Հակոբյանի թեստերի արդյունքը բացասական է, վարակվածների թիվը հասել է 18-ի

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ են հանձնել, արդյունքը բացասական է։ Այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում։

Աննա Հակոբյանը մարտի 7-ին Հարավային Ամերիկա շրջագայության ընթացքում հանդիպել էր Բրազիլիայի նախագահին, որը, ըստ լուրերի, կորոնավիրուսի վարակակիր է։ Ավելի ուշ Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ վարակակիր չէ։

Փաշինանը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդացությունների թիվն արդեն հասել է 18-ի։

«Նոր ախտորոշումներն արդեն իսկ մեկուսացված շրջանակից են»,- ասաց նա՝ խոսելով Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի միջոցառումից հետո գրանցված դեպքերի մասին, երբ Իտալիայից վերադարձած վարակակիր մի անձ մասնակցել էր միջոցառմանը։

Փաշինյանի խոսքով՝ առաջին պացիենտը, որի մոտ վարակ էր ախտորոշվել մարտի 1-ին, արդեն թեստ է հանձնել, արդյունքը բացասական է։ «Ուզում եմ գնահատանքի տուրք մատուցել բժիշկներին»,- ասաց վարչապետը։

Առաջին վարակված պացիենտը, ըստ Փաշինյանի, խստորեն հետևել է առողջապահության նախարարության հրահանգներին։

Ըստ Փաշինյանի՝ 18 դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքից են, մոտ 200 մարդ մեկուսացված է։

«100 տոկոս վստահություն չի կարելի ունենալ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ամենառիսկայինը Էջմիածին քաղաքն է։

Նա կոչ արեց էջմիածինցիներին սահմանափակել շփումները։

Ըստ Փաշինյանի՝ Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին, որ նրանք վերանայեն այն վարկառուների վարկերի մարման հետաձգման հարցը, որոնք գործում են ծառայությունների ոլորտում և կրում են կորոնավիրուսի պատճառով հաճախորդների նվազման հետևանքները։

«Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ կվերանայվեն մարման գրաֆիկները, տոկոսադրույքները, վարկերի արժույթների փոխակերպումը, չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը։

Վարչապետը նշեց, որ խանութներում առանձնակի, անտրամաբանական աժիոտաժ չկա, թեև, իհարկե, առևտրի ծավալները ավելացել են, բայց դա տրամաբանության սահմաններում է։

«Մեր հանրությունը տեսնում է, որ իրավիճակը հսկողության տակ է»։

Փաշինյանը նաև նշեց, որ Եվրոպայի ռիսկային երկրներից եկող բոլոր քաղաքացիները կմեկուսացվեն՝ ոմանք իրենց բնակարաններում, ոմանք կարանտինային վայրերում։

Դպրոցները մինչև առնվազն մարտի 23-ը չեն աշխատելու։ «Մյուս շաբաթ կրկին կանդրադառնանք այս թեմային»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

#CivilNet #News