Պատմությունն ու ժողովրդավարությունը Ադրբեջանի ուժեղ կողմերը չեն․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, որ պատմությունն ու ժողովրդավարությունը Ադրբեջանի ուժեղ կողմերը չեն։

«Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաև տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով: Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը ևս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ»:

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան իր մեկնաբանությունում ՀՀ ԱԳՆ-ին կոչ է արել ուսումնասիրել 1805թ․ Քյուրեքչայի պայմանագիրը, որում, ըստ խոսնակի, «ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական հողն է»։ Աբդուլլաևայի խոսքով՝ «բավարար է նայել քարտեզներին ու առցանց ռեսուրսներին և գտնել իրական փաստերը․ Եղեգնաձորի սկզբնական անունը Քեշիշքենդ է, Հրազդան գետի անունը՝ Զանգի, Սևանա լճի անունը՝ Գոյչա»։

Մեկնաբանել