Առևտրային մեծ կենտրոնները չեն աշխատի

Երևանում գործող առևտրի խոշոր կենտրոնները, կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով, հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին։ «Երևան Մոլը», «Դալմա Գարդեն մոլը» և «Ռիո մոլը» մարտի 16-ից 23-ը փակ կլինեն, հաղորդում է Banks.am-ը։

«Երևան Մոլում» գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։

«Դալմա Գարդեն մոլի» տարածած հայտարարությունում էլ ասված է.

«Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։

Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ «Դալմա Գարդեն մոլը» ևս մտահոգված է այս խնդրով։

Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը»։

«Ռիո մոլ»-ում բաց կլինի միայն «Երևան սիթի» սուպերմարկետը։

Մեկնաբանել