Ըստ ամենայնի` արտակարգ դրություն կհայտարարենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր՝ մարտի 16-ին, ժամը՝ 15:00-ին, հրավիրելու է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, ըստ ամենայնի, արտակարգ դրություն կհայտարարվի: Վարչապետի ուղիղ եթերը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո էր։

Վարչապետը հայտնեց, որ նիստը լինելու է բաց և ուղիղ հեռարձակվելու է: «Այս պահին ոչինչ չեմ ասի, դուք ինքներդ ամեն ինչին ականատես կլինեք կառավարությունում սպասվող քննարկման ժամանակ: Եթե կառավությունն ընդունի նման որոշում, իսկ այսօրվա մեր քննարկման տրամաբանությունը հենց այդ ուղղությամբ էր, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով նիստ կգումարի, որին կներկայացնենք մեր անելիքները, սպասվող սահմանափակումները, կպատասխանենք նաև հարցերին ու քննադատություններին»,- ասաց վարչապետը:

Վարչապետն ասաց, որ այս պահին առկա է կորոնավիրուսի 30 հաստատված դեպք: «Ունենք կորոնավիրուսի 30 դեպք, որից 19-ը Էջմիածնի հետ կապված դեպքերն են, 1 մարդ բուժվել է, 10 անձից 3-ը առաջին դեպքի՝ Գոլդեն Փելիսում մեկուսացված 3 անձինք են, 7-ից 3-ը Երևանի արտադրական ձեռնարկությունում արձանագրված դեպքերն են, 1-ը՝ Սյունիքի դեպքը: Լավն այն է, որ այս պահին մենք ախտորոշել ենք մի շարք մարդկանց և կարող ենք մտածել, որ այնտեղ մենք վարակի տարածման աղբյուր չունենք»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև խոսեց, Էջմիածնում մարտի 15-ի գիշերվանից մտցված սահմանափակումների մասին: «Արդեն 129 մարդու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանք ուղարկվել են հետ և կլինեն ինքնամեկուսացած, շնորհակալ ենք նրանց համագործակցության համար: Սա չի նշանակում, որ 129 մարդու մոտ վիրուս կա, բայց ջերմությունը դեռ ոչինչ չի նշանակում, քանի դեռ չի կատարվել թեստավորում»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ կատարվող քայլերի շրջանակում այս պահին ավելի քան 300 հայաստանցիներ մեկուսացված են: «Եվս 300 քաղաքացու մեկուսացնելու համար պայմաններ են ապահովում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին կորոնավիրուս ախտորաշված քաղաքացիներից միայն երկուսն են տարիքային առումով ռիսկի գոտում: «Բայց նրանց ինքնազգացողությունը լավ է, մյուսներն էլ իրենց լավ են զգում և կապաքինվեն առանց որևէ լուրջ միջամտության»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հայտարարեց, որ կառավարությունն աշխատանք է տանում տնտեսական իրավճակը երկրում վերահսկողության տակ պահելու համար: «Մենք հետևում ենք իրավիճակին, տեղյակ ենք որոշ տնտեսվարողների մոտ առկա խնդիրների մասին ու դրանց պարբերաբար անդրադառնում ենք: Կասկած չկա, որ մենք այս իրավիճակը հաղթահարելու ենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը իրեն զեկուցել է, որ պարենային անվտանգության խնդիր չկա, անգամ եթե բոլոր ճանապարհները փակ լինեն, Հայաստանը առնվազն մեկ ամսվա սննդի պաշար ունի։ Վարչապետն այնուամենայնիվ ասաց, որ բեռնափոխադրումների մասով սահմանների փակ լինելու հարց չկա, պարենի մատակարարումները կանոնավոր կատարվում են։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին

Հայաստանի օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրությունը Հայաստանի ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Օրենքում չկան հստակ կարգավորումներ տեխնածին, բնական աղետների ու հանրային առողջապահական լուրջ վտանգների պարագայում երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին դրույթներ:

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել