Ալեքսիս Օհանյանի հատուկ քայլը Նյու Յորքի Թայմզ Սքուերում

Reddit-ի սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Նյու Յորքի Թայմզ Սքուեր հրապարակում COVID-19-ի իրազեկման գովազդային վահանակ է գնել։ Forbes-ին Օհանյանը պատմել է, թե ինչու է դա անում։

Ալեքսիս Օհանյանը ցանկանում է, որ դուք տանը մնաք, և նա օգտագործում է Թայմզ Սքուերը՝ իր ուղերձը տեղ հասցնելու համար։

Reddit-ի համահիմնադիր և վենչուրային ներդրող Օհանյանը Նյու Յորքի սրտում՝ Թայմզ Սքուերում, COVID-19-ի՝ կորոնավիրուսի մասին գովազդային վահանակ է գնել՝ մարդկանց կոչ անելով մնալ տանը, ամբոխներից հեռու, և այդպիսով դանդաղեցնել դրա տարածումը։ Գովազդային վահանակը կրում է մի պարզ արտահայտություն. «Մնալ տանը նշանակում է կյանքեր փրկել»: Ներքևում տեղադրված է #FlattenTheCurve (հարթեցնել կորը) հեշթեգը, որը վերաբերում է նրան, թե ինչպես կարող է կորոնավիրուսի տարածման դանդաղումը օգնել բուժաշխատողներին և պաշտոնյաներին ավելի լավ վերահսկել իրավիճակը։

Ուրբաթ երեկոյան Forbes-ին տված հարցազրույցում Օհանյանը ասել էր, որ «միտքն իր գլխում ծագել էր հինգշաբթի», և որ նման գովազդը միջոց է հասնելու այն մարդկանց, որոնք գուցե դեռ չեն հասկանում ճգնաժամի լրջությունը։

Գովազդային վահանակը գնելու համար նա օգտագործել էր թվային AdQuick գովազդային ստարտափը, որտեղ նա խորհրդի անդամ է և ներդրող՝ իր Initialized Capital վենչուրային ընկերության միջոցով: Գովազդային վահանակի արժեքը չի նշվում, բայց Օհանյանի խոսքով՝  «դա էական չէ»: 

«Մնալ տանը նշանակում է կյանքեր փրկել» կոչի վրա կանգ առնելուց առաջ Օհանյանը նկատի էր ունեցել մի քանի այլ արտահայտություններ ևս, ինչպիսիք են՝ «Ինչո՞ւ եք նույնիսկ սրան նայում», կամ «Ինչո՞ւ եք Թայմզ Սքուերում անգամ հիմա»:

Օհանյանը նույնպես տանն է մնում: Ըստ Ալեքսիսի, Initialized-ը անցած շաբաթ է փակել իր գրասենյակը, և նախատեսում է առաջիկա վեց կամ ութ շաբաթվա ընթացքում բոլորի տանից աշխատելը։ Նա հավելել է, որ նման կերպ են վարվում նաև իր պորտֆոլիո ընկերությունների մեծ մասը։ 

«Ես կարող եմ իմ աշխատանքի 99 տոկոսը կատարել այստեղից՝ գտնվելով Ֆլորիդայում, ընտանիքիս հետ»,- ասաց նա:

Նա մեջբերեց 1996թ. «Անկախության օրը» ֆիլմը, որտեղ աշխարհը համախմբվում է՝ այլմոլորակայինների հարձակմանը դիմագրավելու համար, հավելելով, որ հույս ունի, որ կորոնավիրուսը կարող է ինչ-որ կերպ միավորել մարդկանց՝ պատմության մեջ ավելի ու ավելի բաժանարար այս ժամանակներում:

«Սա նման է այլմոլորակայինների հարձակման»,- ասել է Օհանյանը կորոնավիրուսի մասին։ «Այս վիրուսին մեզնից ոչ մեկը չի հետաքրքրում: Կարևոր չէ, թե ինչպես ենք մենք քվեարկել: Սա մեզ որոշակիորեն միավորում է, և հուսով եմ, որ կարող ենք աշխատել միասին` կոռոնավիրուսը հաղթահարելու համար»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարը՝ cnbcfm.com կայքից