Ազգային ժողովը պատրաստվում է հատուկ նիստ գումարել. Արարատ Միրզոյան

Ազգաին ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ մարտի 16-ին, խոսել է խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին ևս հրահանգել է պատրաստվել հնարավոր նիստին։ ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր էջում նաև տեղադրել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․

Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

***

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ կառավարությունն այսօր՝ մարտի 16-ին, ժամը՝ 15:00-ին, հրավիրելու է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել