Պետք է տրամաբանական ավարտին հասցնենք մարտի 31-ի ընտրությունները․ Արցախի ԿԸՀ

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել նախընտրական քարոզչության և մարտի 31-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ։

«Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և մեր հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական նշանակության ընտրությունները սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնելու խիստ անհրաժեշտությունը, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Մասնավորապես,

-Կենտրոնական, տարածքային ընտրական հանձնաժողովների նիստերը կացկացվեն հիմնականում հարցման կարգով,

-թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչների հետ կկիրառվի շփումների էլեկտրոնային տարբերակը,

-արդեն չեղարկվել են հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուների կողմից նախապես պլանավորված սեմինար-հանդիպումները (վերանայման դեպքում իրազեկում կլինի)` մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը այլ հեռահար տարբերակով հասնելու պայմանով,

-քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների ու ընտրողների առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն (ԱՀ առողջապահության նախարարության պատասխանատուների հետ համագործակցված),

-քայլեր են ձեռնարկվում դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ անմիջական շփումների վերանայման ձևաչափերի մշակման և ներդրման ուղղությամբ:

Պատրաստ ենք քննարկել այս խնդիրների համատեքստում հանրության կողմից ներկայացվելիք օպտիմալ կիրառման ենթակա ցանկացած առաջարկություն:

Հաշվի առնելով, որ ներկայումս հանրապետության ողջ տարածքում նախընտրական ակտիվ քարոզչություն է ընթանում, առաջարկում, հորդորում ու կոչ ենք անում քարոզչության բոլոր սուբյեկտներին նախընտրական հանդիպումների անցկացման ձևաչափերի վերանայման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ինչի մասին ավելի վաղ մեր կողմից բանավոր առաջարկվել էր), հնարավորինս խուսափելով զանգվածային միջոցառումներ նախաձեռնելուց ու մասնակցելուց, խստիվ հետևելով ԱՀ առողջապահական համակարգի պատասխանատուների ցուցումներին:

Միասին մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք մարտի 31-ին կայանալիք` Արցախի Հանրապետության համար այդքան կարևոր համապետական նշանակության ընտրությունները ու ամենակարևորը` լինենք առողջ:

Համոզված ենք փոխադարձ ըմբռնումների մթնոլորտում համագործակցելու` բոլոր կողմերի կամահայտնության մեջ»։

Կորոնավիրուս․ հանգիստ վիճակ Արցախում

Մեկնաբանել