Իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ. ՊՆ

Կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին գրառում է արել ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։ Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողների հարազատներին իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:

ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:

#CivilNet #News