Հայաստանում արտակարգ դրություն հաստատվում է երրորդ անգամ: Եթե այս անգամ պատճառը կորոնավիրուսն է, ապա նախորդ երկու դեպքերում եղել է ներքաղաքական իրավիճակը:
2008թ․ մարտի 1-ին արտակարգ դրությունը ընդունվեց՝ հաշվի առնելով «սահմանադրական կարգին սպառնացող վտանգը»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ 2008-ի փետրվար-մարտին իշխանությունը փոխանցում էր Սերժ Սարգսյանին, այսօր մեղադրվում է «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ»:
Արդակարգ դրությունը հաստատվեց Երևան քաղաքում, երեք շաբաթով՝ մարտի 1-ից 20-ը, իսկ դրա իրավական ռեժիմի ապահովումը վերապահվեց ոստիկանությանը և պաշտպանության նախարարությանը: Մայրաքաղաքում մտցվեցին հետևյալ ժամանակավոր սահմանափակումները`
1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և զանգվածային այլ միջոցառումների իրականացման արգելում,
2) գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում,
3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում,
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը:
Հայաստանում առաջին արտակարգ դրությունը հայտարարվել է 1990-ի օգոստոսին, երբ Հայաստանն ընդունել էր Անկախության հռչակագիրը, սակայն դեռ անկախության հանրաքվե չէր անցկացրել, և դե-յուրե մաս էր կազմում Խորհրդային Միությանը:
1990-ի մայիսին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններում, որոնք անցկացվում էին միայն մեծամասնական ընտրակարգով, Հայոց համազգային շարժումը նվազագույն առավելությամբ հաղթեց Կոմկուսին: 1990թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ խորհրդարանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս ընթացքում արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական բախումները ինչպես Արցախում ու հարակից տարածքում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան հատվածում: Հայաստանում ձևավորվել էին տասնյակ զինված ջոկատներ, որոնցից մեկը՝ Հայոց ազգային բանակը՝ ՀԱԲ-ը, չէր ուզում ենթարկվել նոր իշխանություններին:
Ըստ պաշտոնական վարկածի` օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել էին «բացահայտ ահաբեկչական գործողությունների»՝ վրաերթի էր ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել պատգամավոր Ռաֆայել Իշխանյանը, գնդակոծվել էր Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել էր 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծել էին ՀԱԲ-ի մարտիկները, որի հետևանքով վիրավորվել, ապա մի քանի ժամ անց մահացել էին հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գեղազնիկ Միքայելյանը և պատգամավոր Վիտյա Այվազյանը:
Այս ողբերգական դեպքից մի քանի ժամ անց՝ օգոստոսի 29-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու որոշում` պատճառաբանելով ՀԱԲ-ի արկածախնդիր, հակաօրինական գործողությունները: ՀԱԲ-ը լուծարվում էր, նրա մարտիկներին կոչ էր արվում հանձնել զենքը, ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, հափշտակած ռազմական տեխնիկան և տրանսպորտային միջոցները:
Գերագույն խորհրդի օգոստոսի 29-ի՝ Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշման մեջ ասվում էր.
1. հանրապետության ողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն` սահմանելով պարետային ժամ ժամը 22-ից մինչև 6-ը,
2. լուծարել Հայոց ազգային բանակ ռազմական կազմակերպությունը,
3. կոչ անել ՀԱԲ-ի մարտիկներին մինչև օգոստոսի 29-ը ժամը 22-ը հանձնել իրենց ունեցած զենքն ու զինամթերքը, զբաղեցրած շենքները, հափշտակած ռազմական տեխնիկան և տրանսպորտի միջոցները,
4. որոշման պահանջները կատարող անձանց ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ չենթարկվողներին՝ ձերբակալել և պատժել օրենքի ամբողջ խստությամբ,
5. սույն որոշման իրականացումը դնել ներքին գործերի մինիստրության և նրան ենթակա ներքին զորքերի ստորաբաժանումների, ՊԱԿ-ի, ինչպես նաև` միլիցիայի կառուցվածքում ընդգրկված հասարակական կարգի պահպանության ջոկատների վրա,
6. սույն որոշման իրականացման վերահսկողությունը դնել Հայաստանի Մինիստրների խորհրդի վրա:
Մինիստրների խորհրդի նախագահը վարչապետ Վազգեն Մանուկյանն էր:
Արտակարգ դրություն հաստատելու մասին փաստաթղթի տակ դրված է Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը:
ՀԱԲ-ի առաջնորդներից հանգուցյալ Վարդան Վարդանյանը տարբեր առիթներով պնդել է, որ Գեղազնիկ Միքայելյանը և Վիտյա Այվազյանը ՀԱԲ-ի գնդակներից չեն սպանվել:
Վարդանյանը ՀԱԲ-ի լուծարումից հետո ձերբակալվեց առանձնապես չարամիտ խուլիգանության, ապօրինի զենք կրելու և զենքի ուժով հասարակական կարգը խախտելու հոդվածներով: Կարճ ժամանակ անց նա ազատ արձակվեց:
Հետմահու՝ 1996-ի սեպտեմբերին, Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքայելյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արժանացան Հայաստանի ազգային հերոսի կոչման:
․․․
1996 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը վիճարկեց դրանց արդյունքները, ժողովուրդը դուրս եկավ փողոց, իսկ սեպտեմբերի 25-ի երեկոյան ընդդիմադիր առաջնորդների հետևից ցուցարարները գրոհեցին Ազգային ժողովի շենքը, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 26-ի հրամանագրով արգելվեցին ցույցերը, երթերը և հանրահավաքները: Ազգային ժողովը ութ պատգամավորների, որոնք առաջնորդել էին ցուցարարներին դեպի ԱԺ շենք, զրկեց անձեռնմխելիությունից: Մի քանի օր անց, երբ իրավիճակը հանդարտվեց, Տեր-Պետրոսյանի հրամանագիրը ուժը կորցրեց:
Թաթուլ Հակոբյան