Արտակարգ դրություն․ ինչ է թույլատրվում հրապարակել, ինչ՝ ոչ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը պարզաբանել է, թե Հայաստանում հայտարաված արտակարգ դրության պայմաններում ինչ է թույլատրվում հրապարակել կորոնավիրուսի վերաբերյալ մամուլում, իսկ ինչը՝ ոչ:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։

Ըստ հայտարարության, նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։

«ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել», – ասված է հրապարակման մեջ։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն տարածվող նյութերին, ապա դրանց մասով, համաձայն հրապարակման, գործում է 23-րդ կետով նախատեսված սահմանափակումը, քանի որ հանրությանը մոլորեցնող և խուճապային տրամադրություններ ստեղծելուն ուղղված տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է իբրև գիտական գործունեության արդյունք` այդպիսին չլինելով։

Media.am կայքը ևս ներկայացրել է, թե ինչ է նշանակում արտակարգ դրությունը ԶԼՄ-ների համար

ՀՀ կառավարությունը Հայաստանի ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր սահմանափակումներ է նախատեսում լրատվամիջոցների համար։

Կառավարության որոշման «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» անվանված գլխի 23-ից 26 կետերում նշվում է․

23․ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

24. Սույն կարգի 23-րդ կետերով սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:

25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

26.Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Սահմանադրության 120 հոդվածի համաձայն արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

#CivilNet #News

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել