Արցախում նախընտրական քարոզարշավը չի դադարեցվի, կկիրառվեն սահմանափակումներ

Արցախում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների շտաբ է գործում, որը ղեկավարում է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Մարտի 16-ի տվյալներով նոր կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորի Մարտիրոսյանը:

Վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ: Տեղեկանում ենք պետնախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

• կասեցվել է արտասահմանյան զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը,

• ներքաղաքային տրանսպորտը ախտահարվում է օրական երկու անգամ,

• շահագրգիռ գերատեսչություններն էլ շարունակում են մշտական կապի մեջ մնալ ՀՀ-յան գործընկերների հետ:

• հանձնարարվել է սույն թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը, ելնելով ծանրաբեռնվածության աստիճանից, սահմանափակել պետական կառավարման համակարգի և նրանց ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցների մի մասի աշխատանքի ներկայանալը՝ դիտարկելով աշխատանքային պարտականությունները հեռահար եղանակով կազմակերպելու տարբերակը: Խոսքը վերաբերում է հատկապես նախադպրոցական, դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարիքի, ինչպես նաև առողջական խնդիրներով՝ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններով աշխատակիցներին:

Պետնախարարը կոչ է արել

• դադարեցնել բազմամարդ հավաքները,

• սպորտային պարապմունքները և մշակութային միջոցառումները,

• անորոշ ժամանակով հետաձգել տոնական միջոցառումները, իսկ սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ:

Անդրադառնալով ՀՀ-ից և արտերկրից ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանող դիտորդական խմբերին և զանգվածային լրատվամիջոցներին՝ պետական նախարարը հայտնեց՝ մուտքի արտոնագրի տրամադրման սահմանափակումը չի վերաբերելու նրանց, ովքեր ցանկություն են հայտնել լուսաբանելու ընտրական գործընթացը:

#CivilNet, #News

Մեկնաբանել