Հայաստանում պարենամթերքի խնդիր չկա. ՏՄՊՊՀ

Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի ու նման ապրանքների խնդիր չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ վերջին օրերին ամենաշատը գնվել է նպարաեղենը:

«Հորդորում եմ մեր քաղաքացիներին մնալ խելամիտ սահմաններում գնումներ կատարելու ընթացքում, իհարկե, նաև հաշվի առնելով՝ հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալու երևույթից, բայց հավաքվել խանութներում, հերթեր կուտակել դա ևս կարծում եմ՝ ավելի մեծ խնդիր է, քան օրինակ մեկ- երկու կտորով կատարել գնումներ: Խնդրում եմ հիշեք, որ այդ ապրանքները՝ գոնե պարենայինները, ունեն ժամկետներ»,- ասաց Գևորգյանը:

Խոսելով ապրանքներրի թանկացումների մասին՝ նա նկատեց, որ դրանք կապված են դոլարի ու ռուբլու տատանումների հետ:

«Մենք չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գները մի փոքր կբարձրացնեն, բայց մենք հիմնականում վերահսկում ենք խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են սպառման ծավալի գերակշիռ մասը»,- հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահը։

«Ալկոգել արտադրողների՝ ՀՀ-ի 3 խոշոր ընկերությունների հետ ամենօրյա կապի մեջ ենք, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ դրամ իրենց կողմից չի բարձրացվել, որ ՀՀ-ում ախտահանիչ նյութերի համար նախատեսված սպիրտի պաշարը բավարար է»,- հայտնեց պաշտոնյան։

Ինչ վերաբերում է դիմակներին, դրանց թանկացում կա ամբողջ աշխարհում:

«Կա ուրախալի լուր, առաջին ձեռքի հետ կապի մեջ ենք, նրանք գնառաջարկներ են անում: Առողջապահության նախարարության գործընկերներին մենք տրամադրում ենք տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ իրականացնում ենք ձեռքբերումներ, երեկվա դրությամբ եղել է գնառաջարկ 84 դրամով, այսինքն՝ գինը իջնում է»:

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել