Դեղատներում դիմակների վաճառք․ գին, քանակ, սահմանափակումներ

Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը, կապված կորոնավիրուսի տարածման հետ, հայտարարվել է արտակարգ դրություն։ Դեղատներում արագ սպառվում են դիմակները, ախտահանիչ նյութերը, բժշկական սպիրտը։ ՍիվիլՆեթը կապ հաստատեց մի քանի դեղատների հետ՝ պարզելու դիմակների առկայությունն ու գները։

«Նատալի Ֆարմ» դեղատնային ցանցից տեղեկացրին, որ այս պահին դիմակներ չունեն։ Ցանցը վերջին անգամ դիմակներ ստացել է մարտի 9-ին, դրանք սպառվել են արդեն մարտի 13-ին։ Գինը եղել է 30 դրամ։ Դիմակներ վաճառվել են սահմանփակումով․ մեկ անձին՝ մեկ դիմակ։ 

«Մեղու» դեղատնից էլ ասացին, որ դիմակների առաջարկ ստանում են 220 դրամով, այդ պատճառով էլ չեն վերցնում։

«Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցի տնօրեն Միքայել Մացակյանը նշեց, որ դիմակներ առկա են, ստանում են 2-3 օրը մեկ։ Մեկ անձին վաճառվում է 5 դիմակ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ դրանք ձեռք բերելու հնարավորություն ունենան։ Գինը 250 դրամ է։

Մարտի 17-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՍիվիլՆեթի հարցադրմանը՝ կապված գնային մեծ տարբերությունների հետ։

«Քանի որ ձեռք բերման աղբյուրները տարբեր են, այդ իսկ պատճառով դիմակների մասով շուկան անկայուն է։ Մենք Չինաստանից ունենք երկու առաջարկ՝ 84 և 150 դրամով, այսինքն՝ տարբեր մարդիկ տարբեր գնով են ձեռք բերում։ Կա նաև պետական փոքր ծավալի արտադրություն՝ օրական մոտ 2000-3000 դիմակ, որոնց ինքնարժեքը մոտ 200 դրամ է»,- նշեց Գևորգյանը։

Լուսինե Վարդանյան