Ինչ անել, որ կորոնավիրուսի նկատմամբ վախը չազդի մեր հոգեկան առողջության վրա

CNN-ի հոդվածագիր Աջ Վիլինգհեմի (AJ Willingham) հոդվածն այն մասին է, թե ինչպես խուսափել կորոնավիրուսի նկատմամբ վախի կողմնակի ազդեցություններից։ 

Կորոնավիրուս․․․ Այո՛, իրավիճակը լուրջ է, և այո, այն արժանի է ձեր զգոնությանը և ուշադրությանը: Բայց տեղեկատվության, նախազգուշական միջոցների և նախազգուշացումների անընդմեջ հոսքը, լինի դա պաշտոնական, թե Ֆեյսբուքում պտտվող կասկածելի աղբյուրներ ունեցող լուր, կարող է ազդեցություն ունենալ ձեր հոգեկան առողջության վրա:

Սակայն ե՞րբ է զգուշավորությունը վերածվում չափազանցության։ Ե՞րբ է տեղեկացված մնալը անցնում չափից շատ տեղեկացված լինելու սահմանը։ 

Լավ նորությունն այն է, որ կա աշխարհում ամենախոշոր նորությունը դիտավորյալ անտեսելու և լիովին խուճապի մատնվելու միջև ոսկե միջինը: Ահա որոշ խորհուրդներ: Համարե՜ք դրանք որպես  մարդկանցից հեռավորության պահպանում և ձեռքերի լվացում՝ ուղեղի համար:

Ընտրովի մոտեցե՛ք այն աղբյուրներին, որտեղից ստանում եք տեղեկատվությունը

«Առկա է անսահմանափակ տեղեկատվական հոսք։ Մարտահրավերն այն է, թե ինչպես որոշել՝ ո՛ր տեղեկատվությունն է ճշգրիտ»,- ասում է Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի հետազոտությունների և քաղաքականության գծով գործադիր տնօրեն Լին Բուֆկան: Նա առաջարկում է վերահսկել տեղեկատվության ստացումը հետևյալ քայլերի միջոցով.

Գտեք մի քանի աղբյուրներ, որոնց վստահում եք, և դրանց հետևեք:

Սահմանափակեք նորությունների թարմացման պարբերականությունը: Իրադարձությունները կարող են արագ փոխվել, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է կախված լինեք ամեն թարմացումից:

Իմացեք երբ հեռանալ։ «Փորձեք սովորել, որ պարտադիր չէ՝ իմանաք ամեն մի մանրուք»,- ասում է Բուֆկան: Նա խորհուրդ է տալիս ձեր հեռախոսից մի փոքր հեռու մնալ, որպեսզի չգայթակղվեք ամեն անգամ այն ստուգել։ 

Գործնականում կիրառեք սոցիալական լրատվամիջոցների օգտագործման կարգուկանոնը։ Այո՛, ժամանակը կարող է աննկատ թռնել, երբ ստուգում ենք մեր սոցիալական մեդիայի լուրերը կամ նկարները։ Բուֆկան խորհուրդ է տալիս հեռախոսից ջնջել սոցիալական մեդիայի ծրագրերը կամ օգտագործել գործիքներ` դրանք անընդհատ ու աննպատակ չստուգելու համար։

Գտե՛ք ձեր վախերը

Համաճարակը բավականին աբստրակտ մի չարիք է, ուստի օգտակար կլինի մի պահ նստել և իսկապես մտածել, թե կոնկրետ ո՛ր սպառնալիքներն են ձեզ անհանգստացնում։ Անհանգստանում եք, որ կարող եք վարակվել կորոնավիրուսով և մահանա՞լ։ «Մահվան վախը մեր հիմնական գոյաբանական վախերից մեկն է»,- ասում է Բուֆկան: «Բայց դուք պետք է մտածեք այն մասին, թե որքանով է այն իրատեսական»: Այո՛, դուք կարող եք վարակվել դրանով։ Այո՛, դուք կարող եք բուժման կարիք ունենալ: Բայց, ամենայն հավանականությամբ, հույսը դեռ կորած չէ: «Մենք հակված ենք գերագնահատել տեղի ունենալիքի հավանականությունը, և թերագնահատել դրա հախից գալու մեր կարողությունը»,- ասում է Բուֆկան:

«Կրկին, մարդիկ կարող են հաղթահարել իրենց առջև ծառացած դժվարությունները ավելի լավ, քան կարծում են։ Մշակեք ծրագիր: Ընտրեք տարբերակները, եթե չեք կարող տանից աշխատել: Խնայողություններ ունե՞ք: Աջակցություն ունե՞ք»: Պատրաստ լինելով դիմագրավել ձեր վախերին՝ կարող եք դրանք վերահսկել։ 

Միայն ձեր մասին մի՛ մտածեք

Քանի որ գործողությունը կարող է մեղմել մեր անհանգստությունը, գուցե նաև կցանկանաք մտածել այն մասին, թե ինչ կարող եք անել ուրիշներին օգնելու համար, օրինակ՝ նրանց, ովքեր կարող են ավելի շատ տուժել համաճարակից, քան դուք: Սպասարկման ոլորտի աշխատողները, բժշկական ոլորտի աշխատողները։ Ռեստորանային կամ ժամանցի արդյունաբերության ոլորտի մարդկանց կենսապահովման միջոցները կարող են կաթվածահար լինել, կամ նրանք կարող են ստիպված լինել իրենց անհամաչափ վտանգի ենթարկել:

Ի վերջո, ձեռնարկվող նախազգուշական բոլոր միջոցների մեծ մասը, որոնք կօգնեն կասեցնել վիրուսի տարածումը, միայն ձեզ՝ որպես անհատի, համար չեն։ Նրանք նպատակ ունեն պահպանել ամբողջական հանրույթներ և խոցելի խմբերին: Նույնն անելը ձեր սեփական ժամանակի և խնամքի հետ կարող է ուժ տալ՝ տեսնելու իրավիճակի իրական հետևանքները, այլ ոչ թե ձեր վերացական վախերը:

Աջակցություն փնտրեք, բայց խելացի ձևով

Մարդիկ քննարկելու են այս իրավիճակը։ Բայց եթե ցանկանում եք վազել ընկերոջ մոտ՝ քննարկելու բռնկման վերջին նորությունը կամ ձեր ընտանիքի արտակարգ իրավիճակների ծրագիրը, փորձեք «արձագանքի սենյակ» չստեղծել։ «Եթե ճնշված եք զգում, պարտադիր չէ, որ գնաք ձեզ նման վախեցող որևէ մեկի մոտ»,- ասում է Բուֆկան: «Փնտրեք մեկին, որը այլ կերպ է վարվում ու մոտենում իրավիճակին, որը կարող է ձեզ օգնել՝ այլ անկյունից նայել ձեր անհանգստությանն ու որոշակի խորհուրդներ տալ»:

Մի խոսքով, այնքան մի սուզվեք կորոնավիրուսի մասին ձեր մտքերում, որ մոռանաք  առօրյա հիմնարար և առողջ սովորույթների մասին, որոնք ազդում են ձեր առողջության վրա ընդհանուր առմամբ: «Սթրեսի ժամանակ մենք հակված ենք նվազագույնի հասցնել մեր բարեկեցության կարևորությունը, երբ իսկապես պետք է դրան ավելի շատ ուշադրություն դարձնենք»,- ասում է Բուֆկան: Համոզվե՛ք, որ դուք․

– լիարժեք քնում եք

– շարունակում եք լավ սնվել

– հնարավորության դեպքում լինում եք մաքուր օդին 

– պարբերաբար ֆիզիկական ակտիվությամբ եք զբաղվում

Մի նախատեք ձեզ, որ անհանգստանում եք

Վերջապես, թույլ մի՛ տվեք, որ մեղքի զգացումը լինի ձեր անհանգստության աննպատակ ուղեկիցը: Կարելի է անհանգստանալ կամ վատ զգալ: Ինչպես խոսել երեխաների հետ կորոնավիրուսի մասին հարցը քննարկելիս։ Առողջապահության մասնագետները CNN-ին ասում են, որ ծնողները պետք է գիտակցեն երեխայի վախը և նրան թույլ տան հասկանալ, որ նորմալ է նման զգացմունքներ ունենալը: Իհարկե, դուք կարող եք ինքներդ ձեր նկատմամբ լինել նույնքան կարեկից։ Առանցքայինն այն է, որ աշխատեք ձեր վախերի ըմբռնման և դրանք իրավիճակի մեջ դնելու ուղղությամբ, որպեսզի նրանք ձեզ ետ չպահեն առողջ կյանքով ապրելուց:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի