Արցախում այս պահի դրությամբ ցուցումով մեկուսացված քաղաքացիներ չկան, բայց շատերն անցել են աշխատանքի հեռավար տարբերակին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Դեռ չի քննարկվում Արցախում ընտրությունների չեղարկման կամ հետաձգման հարցը, բայց Արցախի ԿԸՀ-ն և առողջապահության նախարարությունը հորդորել են քարոզարշավի բոլոր մասնակիցներին սահմանափակել փակ տարածքներում ընտրողների հետ հանդիպումները: Բացի այդ՝ անցակետերում սահմանված է բժշկական հսկողություն՝ իրականացվում է քաղաքացիների ջերմաչափում: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին հորդորում են ինքնամեկուսանալ՝ իրենց հսկողությամբ:
Մարտի 16-ի կառավարության արտահերթ նիստում, որի ընթացքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշում կայացվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նույն նպատակով Հայաստանի ու Արցախի անցակետերում ջերմաչափում կիրականացվի: Նա ասաց, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվել են կոչ անել Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին փոխադարձ այցելություններ կատարել միայն խիստ անհրաժեշտության պարագայում։
Ժաննա Ավագյան