Ռեմդեսիվիր․ դեղամիջոց, որ կարող է կորոնավիրուսի դեմն առնել 

Մեկ տասնամյակ առաջ մի խումբ քիմիկոսների հաջողվեց ստանալ մի մոլեկուլ, որը նրանք պարզապես անվանեցին 3a, և որը լաբորատոր փորձարկումների արդյունքում պայքարում էր մի շարք տարբեր վիրուսների դեմ, այդ թվում՝ կորոնավիրուսի մի տեսակի:

Այժմ այդ մոլեկուլի հետնորդը՝ «Գիլեադ Սայընսիզ» (Gilead Sciences) ընկերության ռեմդեսիվիրը, արագորեն հասցվում է նոր կորոնավիրուսով՝ Covid-19-ով վարակված հիվանդներին՝ հույսով, որ այն կարող է նվազեցնել Covid-19 ինտենսիվությունն ու տևողությունը և թեթևացնել համաճարակի բեռը առողջապահական համակարգերի վրա:

Ռեմդեսիվիրն այժմ ստուգումների մեջ է Covid-19-ի հինգ կլինիկական փորձարկումներում, որոնք ստեղծվել են անասելի արագությամբ։ Այն արդեն իսկ առաքվել է որոշ հիվանդների, այդ թվում` ԱՄՆ-ում կորոնավիրուսի առաջին վարակակիր տղամարդուն: Փորձարկման արդյունքները սպասվում են հաջորդ ամիս, չնայած որոշ վերլուծաբաններ արդեն իսկ մտահոգություն են հայտնել փոքրաթիվ հիվանդներից ստացվող տվյալների հեռանկարների շուրջ:

Մյուսները մեծ հույսեր են կապում դեղամիջոցի հետ: Ներկայում, կորոնավիրուսային ինֆեկցիաների համար հաստատված բուժումներ չկան, ուստի ռեմդեսիվիրը առաջամարտիկների թվում առաջինն է։

«Այժմ միայն մեկ դեղամիջոց կա, որն ըստ մեզ կարող է իրական արդյունավետություն ունենալ,- անցյալ ամիս հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկացուցիչ Բրյուս Էյլվորդը:- Եվ դա ռեմդեսիվիրն է»:

«Դեղերի հայտնաբերումը և զարգացումը սովորաբար շատ երկար և հոգնեցուցիչ գործընթաց է, որի հաստատման ճանապարհին կարող եք բազմաթիվ անհաջողությունների բախվել»,- ասել է Գիլեադ Սայընսիզ»-ի վիրուսաբանության բաժնի փոխնախագահ Թոմաս Սիհլարը:

Երբ հունվարի 20-ին կորոնավիրուսով առաջին հիվանդն ԱՄՆ-ում տարվեց Վաշինգտոն նահանգի մարզային բժշկական կենտրոն, նա դեռ այդքան էլ վատառողջ չէր:

35-ամյա տղամարդն ուներ շնչառական վարակի ամենատարածված ախտանիշները` ջերմություն և հազ, բայց դժվարությամբ չէր շնչում և թոքաբորբի նշաններ չուներ: Այդ ժամանակ նրա բժիշկները ստացան Չինաստանից ստացված մի զեկույց, ըստ որի՝ որոշ հիվանդների մոտ մի քանի օրվա ընթացքում էին զարգանում առավել ծանր ախտանիշները:

«Հիվանդության վատթարացման մասին այդ տեղեկությունը գրավեց մեր ուշադրությունը», – ասում է հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Ջորջ Դիասը:

Մի քանի օրվա ընթացքում տղամարդու մոտ, որն այցելել էր Չինաստանի Վուհան քաղաքում գտնվող իր ընտանիքին և հունվարի 15-ին վերադարձել Վաշինգտոն, սկսեց զգացվել շնչառության ծանրություն, և նրան անհրաժեշտ եղավ թթվածին։ Ռենտգենը ցույց տվեց թոքաբորբ:

Դիասը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) պաշտոնյաներին, որոնց հետ ամեն օր խորհրդակցում էր, տեղեկացրեց, որ հիվանդի վիճակը գնում է դեպի վատը: CDC-ն առաջարկեց փորձարկել «Գիլեադի» ռեմդեսիվիրը:

«Բուժումը ներերակային ռեմդեսիվիրով սկսվեց յոթերորդ օրվա երեկոյան, և ոչ մի վատ ռեակցիա չնկատվեց»,- գրել է բժշկական խումբը New England Medicine ամսագրում: Տղամարդը իրեն սկսեց ավելի լավ զգալ հաջորդ օրը:

«Գիտակցում էինք, որ նա առաջին հիվանդն էր, որն ստանում էր ռեմդեսիվիր՝ կոնկրետ կորոնավիրուսի դեմ, ուստի մեզ շատ էր հետաքրքրում՝ արդյոք նրա վիճակը կբարելավվի»,- հիշում է Դիասը:

Մեկ հիվանդի դեպքում հաջողությունը չի ապացուցում, որ դեղամիջոցն արդյունավետ է: Հենց այստեղ են սկսվում լայնամասշտաբ փորձարկումները, որոնք կհամեմատեն ռեմդեսիվիրը պլացեբոյի հետ:

Ռեմդեսիվիրը կարողացել է այսքան արագ առաջ անցնել կլինիկական փորձարկումներում երկու կարևոր պատճառով: Առաջինը՝ Էբոլայի դեմ արդեն իսկ կիրառված լինելու շնորհիվ այն հայտնի էր որպես մարդկանց համար ընդհանուր առմամբ անվտանգ դեղամիջոց։

Երկրորդ՝ այն ուներ մեծաքանակ նախակլինիկական ապացույցներ, այսինքն ՝ լաբորատոր փորձերի և վարակված կենդանիների բջիջներում կատարված ուսումնասիրությունների տվյալներ, որոնք ցույց էին տալիս, որ այն կարող է պայքարել կորոնավիրուսային վարակների դեմ: Անցյալ ամիս «Գիլեադի» և Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտողների հրապարակած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ռեմդեսիվիրը կանխարգելել է մեկ այլ կորոնավիրուսով՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշով վարակված կապիկների օրգանիզմում կորոնավիրուսի բազմացումը:

Իսկ ինչպե՞ս է դեղամիջոցն աշխատում։

Հնարքն այն է, որ ռեմդեսիվիրը ուղղակիորեն չի գնում վիրուսի հետևից: Փոխարենը, այն թիրախավորում է այն համակարգը, որը վիրուսը օգտագործում է ինքն իրեն վերարտադրելու համար, ու առևանգում այդ համակարգը։

Այսպիսով, այն կարող է մաքրել վիրուսի մակարդակը մարդու մեջ՝ վերջինիս վերարտադրությանը խանգարելու շնորհիվ։ Հետազոտողները նշում են, որ կարևոր է դեղամիջոցն ընդունել հիվանդության վաղ փուլում, երբ վիրուսը նոր է բազմանում։ Եթե հիվանդի մոտ հիվանդության արդյունքում առաջանում են ծանր բարդացումներ, ապա արդեն վիրուսը չէ հիմնական խնդիրը: Մարմնի իմունային համակարգը կարող է չափից բուռն արձագանքել, առաջացնելով երկրորդային բարդություններ, ինչպիսին է օրգանների վնասը: Հակավիրուսային դեղամիջոցները այստեղ արդեն անօգուտ են։

Այժմ կան ռեմդեսիվիրի հինգ կլինիկական փորձարկումներ. երկուսը վարում են չինացի գիտնականները, մեկը՝ դիտարկում է հիվանդության ծանր դեպքերը, մյուսը՝ մեղմ և չափավոր։ Երրորդը հովանավորվում է NIAID-ի՝ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից; մնացած երկուսն էլ «Գիլեադի» հովանավորությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում, դիտարկելով հիվանդության ծանրության տարբեր աստիճանները և դեղերի չափաբաժինները:

Եթե ռեմդեսիվիրը հաջողի կլինիկական փորձարկումներում, ապա «Գիլեադի» առաջ հարցերի նոր շարք կառաջանա։

Ընկերությունը անցյալում հայտնվել է հասարակության և կառավարության քննադատության ներքո՝ ՄԻԱՎ-ի և հեպատիտ C-ի հակավիրուսային դեղամիջոցների գների առնչությամբ։ Ընկերության խոսնակն ասել է, որ ընկերությունը դեռ չի քննարկում գնագոյացման հարցերը:

Առողջապահական մարմիններն արդեն իսկ շեշտում են շուկա մուտք գործող բուժական միջոցների մատչելիության կարևորությունը։

«Մենք չենք կարող ունենալ մի իրավիճակ, երբ մարդիկ, որոնց պետք է այդ դեղամիջոցը, չկարողանան ստանալ այն, իսկ նրանք, ում պետք չէ, հեշտությամբ այն ձեռք բերեն»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը։ «Մենք պետք է գտնենք ուղիներ, որպեսզի ապահովենք իրենց արդյունավետությունն ապացուցած ցանկացած դեղամիջոցների արտադրության մասշտաբները, և որ այդ դեղերը բաշխվեն ըստ անհրաժեշտության»:

«Մենք շարժվում ենք հնարավորինս արագ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Դանիել Օդեյը նախագահ Թրամփին ռեմդեսիվիրը ներկայացնելիս։

Ի պատասխան՝ Թրամփն ասել է․ «Ավարտին հասցրու գործը, Դանիել: Մի հիասթափեցրու մեզ, Դանիել»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝

As the coronavirus spreads, a drug that once raised the world’s hopes is given a second shot

Մեկնաբանել