«Սև կարապը» բացել է թևերը Հայաստանի տնտեսական երկնակամարում

«Սև կարապի» տեսությունը շրջանառության մեջ է դրել լիբանանյան ծագում ունեցող ամերիկացի տնտեսագետ Նասիմ Նիկոլաս Տալեբը (Nassim Nicholas Taleb, The Black Swan: The Impact of the Highly Improbable)։ Տեսությունը վերաբերում է անկանխատեսելի իրադարձություններին, որոնք էական ազդեցություն են ունենում։ Տեսության համաձայն՝

– իրադարձությունն անսպասելի է փորձագետի համար,

– իրադարձությունն էական հետևանքներ է ունենում,

– իրադարձությունից հետո սկսվում են ռացիոնալ բացատրություններն այնպես, կարծես թե այն սպասելի էր։ 

Աշխարհում թևածող և արդեն «սև կարապ» բորոշումը ստացած կորոնավիրուսը խորը ճգնաժամ է հարուցել համաշխարհային տնտեսությունում: Հայաստանը նոր է զգում ցնցումները: Շատերը համեմատականներ են անցկացնում աշխարհը սասանած 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ։ Այս անգամ, սակայն, «սև կարապը» որոշել է թռնել հակառակ ուղղությամբ:

Այն փոխում է համաշխարհային տնտեսության տրամաբանությունը: Աշխարհի շատ մեծ ու փոքր պետություններ, որոնք դեռ ամիսներ առաջ գլոբալիզացիայի ջատագովներն էին, այժմ ինքնակամ մեկուսանում են՝ անցնելով պաշարված ամրոցում ապրելու տրամաբանությանը:

Մեկը մյուսի հետևից շրխկացնելով դռները՝ պետություները փակում են սահմանները, մեկուսանում, սահմանափակում անգամ ներքին տեղաշարժը: Սահմանվում է տոտալ կարանտին, վերահսկողություն կամ արտակարգ դրություն: Այլ կերպ՝ դիկտատուրա: 

Թեկուզ կարճաժամկետ, սակայն ժողովրդավարացման երրորդ ալիքի ռևերսը թափ է հավաքում: Այս անգամ մասշտաբն ուղղակի հսկայական է՝ գրեթե ողջ Երկիր մոլորակը: Իրենց տեղերում հանգիստ կարող են նստել մարդիկ, որ կրկնում էին՝ ժողովրդավարությունը կառավարման լավագույն մոդելն է:

Այն, ինչ տեղի է ունենում, հակասում է գլոբալ տնտեսության բոլոր կանոններին, որոնք ընկած են տնտեսական աճի, բարեկեցության ու ֆինանսական կայունության հիմքում: Շատ արագ է փոխվում տնտեսական կլիման: Եթե մի քանի օր առաջ տնտեսագետները խոսում էին կորոնավիրուսի պատճառով գլոբալ տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման հավանականության մասին, ապա այժմ գրեթե միաբերան հայտարարում են ռեցեսիայի բարձր հավանականության մասին:

2008 vs 2020. Այս անգամ իրավիճակն այլ է

Այս ճգնաժամը հաղթահարելու հարցում տեղին չեն 2008-ի հետ համեմատականները և անօգուտ են այդ ժամանակվա ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ժամանակ մշակված մեխանիզմները: Աշխարհի պետությունները, անցյալի պատերազմներին պատրաստվող գեներալների նման, սպասում էին նոր ճգնաժամի՝ մտքում ունենալով 2008-ի փորձը: Այն ժամանակ մարած բանկային համակարգին կյանք հաղորդեցին Կենտրոնական բանկերը՝ միացնելով փող տպող մեքենաները:

Այս անգամ իրավիճակն այլ է, բացի մեկ հանգամանքից: 

«Երկու դեպքում էլ մենք գործ ունենք «սև կարապ» ֆենոմենի հետ: Այն ժամանակ «սև կարապն» ի հայտ եկավ ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում, որը փլուզվեց՝ իր փլատակների տակ թողնելով համաշխարհային տնտեսությունը: Այս անգամ հանրային առողջապահական խնդրի ենք բախվել: Երկու դեպքում էլ իրավիճակներն անկանխատեսելի են: Դժվար է գնահատել, թե որքան այն կարող է տևել և ինչ ազդեցություն ունենալ: Սա է նմանությունը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը:

 Տիգրան Ջրբաշյանն ասում է՝ այս անգամ ճգնաժամը տարածվել է տնտեսության բոլոր հատվածներում:Այժմ չեն աշխատում դրամական մեղմացումների մեխանիզմները: Ըստ նրա՝ միջազգային բորսաներում իրավիճակը կարելի է նկարագրել երեք բառով՝ անկում, անկում, անկում: Սա այն պարագայում, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը զրոյացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Փողի էժանացման ճանապարհով են գնում խոշոր այլ տնտեսություններ ևս, ինչը սակայն էական ազդեցություն չի ունենում բորսաների ինդեքսների վրա: Ինչո՞ւ:

«Եթե 2008-ին աշխարհի պետությունները գնացին որոշակի դրամական մեղմացումների և փորձեցին լուծումներ գտնել, ապա այս պահին դա չի աշխատում: Շատ մեծ տնտեսություններ գրեթե զրոյացրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց խուճապը շարունակվում է»,- նշում է Ջրբաշյանն ու բացատրում, որ այս անգամ ճգնաժամը տարածվել է տնտեսության բոլոր հատվածներում: 

Միայն ֆինանսական միջոցներով դժվար է այն ակտիվացնել: Նույնն է, որ դիակը միացնես արհեստական շնչառության ապարատին: Սկզբից պետք է առողջապահական ճգնաժամը հաղթահարել:

«Սև կարապն» իր թևվերը բացել է նաև Հայաստանի տնտեսական երկնակամարում, սակայն Ջրբաշյանի խոսքով, երկիրը որոշակի ռեզերվներ ունի իրավիճակի մեղմացման, իսկ այնուհետև հետևանքների վերացման համար:

Այս առումով նա ողջունում է Կենտրոնական բանկի խորհրդի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույթը 0,25 տոկոսով նվազեցնելու և 5,25 տոկոս սահմանելու որոշումը: «Հայաստանի պարագայում դրամական մեղմացման տեղ կա: Ունենք արտաքին պաշարներ, ճնշված գնաճ ու ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու հնարավորություն: Այս անգամ պետությունն ավելի մեծ հնարավորություն ունի, բայց բարդ մեխանիզմ պետք է գործարկի: 2008-ի՝ պարտք առնել և այն ուղղակի սրսկել տնտեսություն տարբերակը դժվար օգուտ տա», – ասում է Ջրբաշյանը՝ խորհուրդ տալով հետաձգել «Բազել 3» բանկային համակարգի վերահսկողության մեխանիզմների կիրառումը՝ գնալով դրամավարկային առավել համարձակ քաղաքականության:

2008-ին իրավիճակն ավելի պարզ էր, նշում է ասում է Ջրբաշյանը. «Այն ժամանակվա կառավարությունը սկսեց իրավիճակը մեղմել պարտքային բեռի ավելացման շնորհիվ: Գնաց ընդլայնողական քաղաքականության, սակայն դրանից այն կողմ չանցավ՝ պետությանը վերածելով թմրամոլի, որին նոր դոզա էր հարկավոր՝ ի դեմս պարտքի: Այն ժամանակ պարտքային միջոցները, այդ թվում կապիտալ ներդումների տեսքով, ուղղվում էին տնտեսություն և ապահովում որոշակի ակտիվություն»։

Ջրբաշյանի կարծիքով՝ հենց ճգնաժամի ժամանակ պետք է կիրառել ընդլայնողական քաղաքականության գործիքակազմն ամբողջությամբ: Դրանք պետք է կիրառել միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում:

Իսկ ի՞նչ անել հիմա

«Այժմ պետք է հաղթահարել առողջապահական ճգնաժամը: Արտակարգ դրություն է հայտարարված, ճգնաժամային կառավարման գործընթացում ենք: Այս մասով էլ պետությունը պետք է դասեր քաղի ու ճգաժամային կառավաման մոդել ներդնի երկրում, որտեղ նման ֆորս մաժորների ժամանակ, որոնք ապագայում չի կարելի բացառել, կառավարությունը միանգամից կանցնի այդ մոդելին, իսկ բոլոր գերատեսչությունները հստակ կիմանան իրենց տեղն ու դերը»,- ասում է Տիգրան Ջրբաշյանը:

Նա ընդգծում է պետության կողմից տնտեսությանն ու տնտեսվարողներին ընդլայնողական քաղաքականության մասին ճիշտ պատգամներ հաղորդելու կարևորությունը: 

«Այս ճգնաժամը հիմնարար ազդեցություն է ունենալու: Փոխելու է գլոբալ տնտեսական լանդշաֆտը: Պետք է այս պահից մտածել երկարաժամկետ լուծումների մասին՝ ճգնաժամի հետևանքները հնարավորինս արագ հաղթահարելու համար: Այս ճգնաժամի տնտեսական բացասական հետևանքները մենք դեռ երկու-երեք տարի զգալու ենք»,- կարծում է Տիգրան Ջրբաշյանը:

Արշալույս Մղդեսյան