Դատախազությունը 2019թ. հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս

Դատախազությունը հաղորդում է, որ 2019թ. ընթացքում ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 1136 ուսումնասիրություն՝ 2018թ. համեմատ 12,5 տոկոսով ավելի:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 158 հաղորդում և միջնորդագիր:

«Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 45 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2018թ. այդ ցուցանիշը կազմել է շուրջ 37 մլրդ դրամ: Այսինքն 2019թ. արդյունքը նախորող տարվա համեմատ ավելի է մոտ 21,6%-ով: Հարուցված քրեական գործերի, ինչպես նաև դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում բացահայտված վնասի վերականգնման ուղղությամբ: Այսինքն 2018-2019թթ. պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը ընդհանուր կազմել է մոտ 82 մլրդ դրամ, որը 2,5 անգամ գերազանցում է նախորդող 9 տարիների հանրագումարային արդյունքը»,- հայտնում է դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր մոտ 2,2 մլրդ ՀՀ դրամի վնաս: Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ:

Մեկնաբանել