Պետության կողմից ֆինանսավորման տրամադրումը հաշմանդամություն ունեցող անձանց՝ անձնական օգնական(ներ) վարձելու նպատակով, ուղղված է շահառուների անկախության և ինքնուրույնության աստիճանի կտրուկ բարձրացմանը։ Նման համակարգեր վաղուց գործում են բազմաթիվ երկրներում։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի նախագծում (հոդված 37.4) այս հնարավորությունն ընձեռնվելու է նաև մեր հայրենակիցներին։
Առաջին անգամ անձնական օգնականի ինստիտուտի գործունեությանը ծանոթացա 15 տարի առաջ, երբ մոտ 10 օր անցկացրեցի Ստոկհոլմում՝ Եվրոպայի հաշմանդամային շարժման առաջատար փորձագետներից մեկի տանը։ Տանտիրուհիս միջին տարիքի շատ ակտիվ կին էր, որը վթարի հետևանքով տեղաշարժվում էր սայլակի օգնությամբ։ Ամուսինը ամուր կազմվածքով տղամարդ էր, որը չուներ ֆիզիկական որևէ խնդիր։ Կինն ուներ անձնական երկու օգնական, որոնցից մեկն օգնում էր տան գործերում, իսկ մյուսը՝ համաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների (այդ թվում՝ արտասահմանյան ուղևորությունների) ժամանակ ֆիզիկական և տեխնիկական օգնություն էր տրամադրում։
Մի օր ամուսինները պատրաստվում էին նշել իրենց ընտանեկան միության տարեդարձը։ Ավելի ճիշտ, պատրաստվում էր միայն կինը՝ անձնական օգնականի ակտիվ ներգրավմամբ։ Նրանք միասին գնումներ կատարեցին, պատրաստեցին թխվածքները և այլ ուտեստներ, զարդարեցին բնակարանը… որից հետո օգնականը հեռացավ, և ամուսինները սկսեցին ռոմանտիկ երեկոն։ Հաջորդ օրը ես, ամաչելով, հարցրեցի կնոջը. «Մի՞թե ամուսինդ չէր կարող օգնել տան գործերով, չէ՞ որ դա ձեր երկուսիդ տոնն է»։ Պատասխանը ինձ համար շատ ուսանելի էր. ըստ էության, այն ժամանակ ես հասկացա անձնական օգնականի ինստիտուտի բուն իմաստը և առաքելությունը. «Իհարկե, ամուսինս կարող էր օգնել ինձ։ Բայց այդ դեպքում իմ անակնկալը նրան չէր ստացվի»։
Իսկապես, եթե կինը հաշմանդամություն չունենար, ոչ մի բան չէր խանգարի նրան անակնկալ մատուցել ամուսնուն։ Իսկ հաշմանդամության առկայության դեպքում, անձնական օգնականի ինստիտուտի նպատակն է փոխհատուցել հաշմանդամությամբ պայմանավորված դժվարությունները՝ անձին հնարավորություն ընձեռելով լինել անկախ և ինքնուրույն։
Հետաքրքիր է նաև անձնական օգնականների վերապատրաստման հարցը։ Ո՞վ պետք է կազմակերպի նման վերապատրաստումը՝ ՀԿ-նե՞րը, թե՞ պետական համապատասխան մարմինը։ Երբ տվեցի այդ հարցը Եվրոպայում անձնական օգնականներով զբաղվող առաջատար կազմակերպության (STIL) ղեկավարին՝ խնդրելով տրամադրել թրենինգների ժամանակ կիրառվող նյութերը, կիսվել մեթոդիկայով, զրուցակիցս շատ զարմացավ։ Պատասխանը կտրուկ էր. «Ոչ ոք իրավունք չունի «վերապատրաստելու» իմ անձնական օգնականին։ Լավագույն և միակ դասընթացավարը ես եմ»։ Այսինքն, հաշմանդամություն ունեցող անձն ինքը լավագույնս գիտի, թե ինչ օգնություն է իրեն անհրաժեշտ և ինչպես է պետք ստանալ այդ օգնությունը։ Այդ իսկ պատճառով սկանդինավյան երկրներում անձնական օգնականի ինստրուկտաժը և վերապատրաստումն իրականացնում է այդ օգնությունը ստացող հաշմանդամություն ունեցող անձը։
Վերադառնանք Հայաստան
Ինչպե՞ս կաշխատի մեզանում այս նոր ինստիտուտը, արդյոք հաշմանդամություն ունեցող անձինք անհատական օգնականներ կվարձե՞ն «դրսից», թե՞ կնախընտրեն ընտանիքի անդամներից մեկին (սրանով իսկ զրկվելով ընտանիքից անկախ լինելու հնարավորությունից)։ Առայժմ վաղ է այդ հարցերին պատասխաններ տալ, քանի որ հաշմանդամության ոլորտը կարգավորող նոր մայր օրենքը դեռ ուժի մեջ չի մտել։ Ավելին, օրենքում բացակայում են տեղեկություններ անձնական օգնականների վարձատրության չափի, ծառայության տրամադրման կարգի մասին և այլ մանրամասներ։ Այս ամենը կարգավորվելու է կառավարության կողմից։
Սակայն, իմ համոզմամբ, նախատեսվող բոլոր բարեփոխումների մեջ ամենակարևորը մեր մտածելակերպի փոփոխությունն է։ Եթե հաշմանդամություն ունեցող անձանց գերակշիռ մասը ցանկանա ապրել ավելի անկախ, ավելի ինքնուրույն, լիարժեք կյանքով, և եթե այդ մղման մեջ նրանց սատարեն ընտանիքի անդամները և հարազատ այլ մարդիկ, ապա օրենքներն էլ կգործեն ավելի արդյունավետ։ Իսկ օրենքում թերություններ հայտնաբերելու դեպքում ամենևին էլ դժվար չէ այն փոխել․ չէ՞ որ օրենքները մարդիկ են գրում՝ մարդկանց համար։
Արմեն Ալավերդյան
«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն