Մետաղական հանքարդյունաբերության մասին օրինագիծը դրական եզրակացություն չստացավ

Մարտի  18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվող ուշագրավ հարցերից մեկը վերաբերում էր մետաղական հանքարդյունաբերությանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը, Մերի Գալստյանն ու Վարազդատ Կարապետյանը հեղինակել էին օրենսդրական փաթեթ, որով առաջարկում էին Ընդերքի մասին օրենքում փոփոխություն անել և երկու տարի դադարեցնել մետաղական հանքարդյունաբերության նոր թույլտվությունները։ 

Հանձնաժողովը պատգամավորների նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց։ 

Ներկայացնելով այն՝ «Իմ քայլը»-ի պատգամավոր Մերի Գալստյանն ասաց, որ երկու տարվա ընթացքում նոր թույլտվությունների արգելքը գործադիր և օրենսդիր իշխանություններին հնարավորություն կընձեռի մշակել ընդերքօգտագործման նոր օրենսդրություն ու ռազմավարություն։ «Իմ քայլը»-ի մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Սարգսյանը, Մերի Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչով է նախագիծը հրատապ, ապա հիշեցրեց, որ «բոլոր ոլորտներում կտրուկ նվազումներ են լինում», ու նախաձեռնությունը հրատապ չէ։ Նա կոչ արեց հետ կանչել օրենսդրական փաթեթը։ 

Ի պատասխան Մերի Գալստյանը հայտարարեց, որ փաթեթը հետ չի կանչելու, որ Ընդերքի մասին ներկա օրենքը չի բխում պետության շահերից, իրավահարաբերություններում խոցելի է դարձնում պետությանը։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը քննարկումն անվանեց մակերեսային։ «Պարտավոր եմ ներկայացնել արդարադատության նախարարության դիրքորոշումը, որ այս կարգավորումը ենթադրում է Սահմանադրության որոշակի դրույթներին հակասող կետեր, մի ամբողջ գործունություն արգելափակվում է»,- հայտարարեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ «երկիրը դուրս կմղվի տնտեսական հետաքրքրությունների ցանկից», և որ օրենքի ընդունումը վատ ազդակ կլինի երկրի համար։ 

Լիլիա Շուշանյանի փոխանցմամբ՝ Հայաստանի մետալուրգների միությունը նամակ է հղել վարչապետին և ներկայացրել, թե ինչքան վատ ազդեցություն կունենա օրենսդրական փաթեթի ընդունումը պետության վրա։ 

Օրենսդրական նախագծերի հեղինակներից Մերի Գալստյանը, պատասխանելով դրա հակասահմանադրականության վերաբերյալ փոխնախարարի պնդմանը, ասաց, որ իրենք արդարադատության նախարարությունից որևէ դիտարկում չեն ստացել հարցի սահմանադրականության հետ կապված։ 

Մտքերի փոխանակման ընթացքում «Իմ քայլը»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ եթե փաթեթն ընդունվի, այն սխալ մեսիջ է։ Իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Ծովինար Վարդանյանը, կոչ արեց «չդեմոնիզացնել ոլորտը». «Կամայական սահմանափակումներին ես դեմ եմ, ճիշտ կլինի հընթացս մշակել նորմալ օրենսդրություն»,- նշեց Վարդայնանը։ 

Փաթեթի ընդունումից ձեռնպահ մնալու կոչ արեցին նաև «Իմ քայլը»-ից Գևորգ Պապոյանն ու Հայկ Սարգսյանը։ Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացավ։ 

Մկրտիչ Կարապետյան