Կա՛մ այսօր պետք է օգնել բիզնեսին, կա՛մ վաղը՝ գործազուրկներին. Վարդան Արամյան 

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ ՍիվիլՆեթը զրուցել է տնտեսության վրա կրոնավիրուսի համաճարակով պայմանավորված համաշխարհային առողջապահական և տնտեսական ճգնաժամի ազդեցության մասին: Նախկին նախարարը իրավիճակը համեմատում է 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ և խոսում Հայաստանի կառավարության նախաձեռնած քայլերի մասին:

– Պարոն Արամյան, կարո՞ղ ենք հստակ ասել, որ այլևս գործ ունենք ոչ մայն առողջապահական, այլև տնտեսական ճգնաժամի հետ:

– Միանշանակ, սա գլոբալ ճգնաժամ է: Նման դատողության համար մենք պետք է նայենք միջազգային կապիտալի ու հանքահումքային շուկաների վարքագծին: Բորսաներում բոլոր գործակիցների այսպիսի կտրուկ անկում եղել է միայն 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, սակայն անկման գործընթացը տևել է մեկ տարուց ավելի: Այժմ այդ նույն ծավալի անկումը տեղի է ունեցել մի քանի անգամ ավելի կարճ ժամանակահատվածում՝ երկու-երեք ամսում: Հետևաբար, ճիշտ չէ ասել, որ ճգնաժամ չկա:

– Այսօրվա ճգնաժամը հաճախ համեմատում են 2008-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Սա ճի՞շտ մոտեցում է:

– Հիմնական նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ մենք բախվում ենք ֆինանսական ու հումքային շուկաներում կտրուկ անկումների: Երկու դեպքում էլ եղել ու լինելու են տնտեսական անկումներ կամ աճի շեշտակի տեմպերի թուլացումներ՝ տարբեր երկրներում տարբեր աստիճանի ազդեցությամբ: Հիմնական տարբերությունն այն է, որ եթե 2008-ի ճգնաժամը ֆինանսատնտեսական էր՝ հենց այդ շուկաներից սկիզբ առավ՝ ներազդելով տնտեսության այլ ճյուղերի վրա, ապա այժմ ճգանժամն առողջապահական է՝ ֆինանսական ու սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներով: Սա էապես փոխում է իրավիճակը: Կրկնվեմ, տարբեր է նաև ազդեցության աստիճանը, շուկաների խուճապային արձագանքները: Միջազգային շուակներում խուճապն ավելի շատ է:

– Խուճապն իսկապես լուրջ տնտեսական հիմքեր ունի՞, թե՞ ավելի շատ միջազգային մեդիայի ազդեցության հետևանք է:

– Նման իրավիճակներում շատ կարևոր են հանրային սպասումները: Ֆորսմաժորային առաջին դրսևորումներից հետո մարդանց մոտ սպասումներ են ձևավորվում: Հանրության յուրաքանչյուր անդամ կազմում է սպասումների իր ցուցակը: Օրինակ՝ ինչ է լինելու սպառման հետ, ավանդների կամ վարկեր հետ: Ի՞նչ սպասել ապրանքների գների մասով, կարո՞ղ են արդյոք դրանք բարձրանալ, կլինի՞ ապրանքների դեֆիցիտ, թե՞ ոչ, և այլն: Սրանք միանգամից ի հայտ եկող սպասումներն են: Այս սպասումներն աճում են բացասական տեղեկատվության տարածման ծավալներին համահունչ: Այդ իսկ պատճառով, կառավարությունները համաճարակային օջախները վերահսկողության տակ վերցնելուն գրեթե զուգահեռ պետք է զբաղվեն սպասումների խնդրով: Հաջողության կահասնես, եթե կարողանաս գրագետ կառավարել հանրության ու տնտեսվարողների սպասումները: Այս հարցում շատ արագ գործեց Չինաստանը, մյուս երկրներում պայքարը դեռ շարունակվում է, որն էլ ազդում է միջազգային բորսաներում տրամադրությունների վրա: Այս հարցում ամեն բան կախված է պետությունների՝ առողջապահական ռիսկերը հնարավորինս արագ կանխարգելելու գործողությունների արդյունավետությունից:

– Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս պահին Հայաստանի կառավարությունն ավելի շատ պետք է զբավի ճգաժամային կառավարման հարցերով, քան թե հապճեպ փողեր ներարկի տնտեսություն:

– Միանշանակ: Համար առաջին գերակայությունն առողջապահական ռիսկերի կանխարգելումն է: Հենց սրանով է տարբերվում ներկայիս ճգնաժամը 2008-ինից: Եթե այն ժամանակ ընդլայնողական քաղաքականությամբ փորձեցին բանկերին օգնել, ֆինանսական համակարգի իրացվելիությունը բարձրացնել ու ի վերջո վիճակը կայունացնել, ապա այժմ ռիսկերն այլ տեղից են բխում: Դրանք առողջապահական են: Հիմա իրացվելիություն դժվար կլինի ապահովել, եթե առողջապահական խնդիրները չկարգավորվեն: Բացատրեմ օրինակով․ պատկերացրեք, կառավարությունն այս պահին որոշի սոցիալապես անապահովներին գումարներ տրամադրել, օգնել նրանց սպառումը չկրճատելու համար: Բայց եթե մարդիկ մեկուսանում են, շփումները կրճատում են, այդ գումարները մեծապես կմնան իրենց հշիվներին, ու մեծ սպառում չեն իրականացնի: Սպասվող տնտեսական էֆեկտը չի լինի:

– Ինչպե՞ս է դուրս գալու Հայաստանն այս ճգնաժաից: Արդյոք պե՞տք է սպասել արտաքին պարտքի մեծացման:

– Ոչ միայն արտաքին, այլ ընդհանրապես պարտքի մեծացում պետք է լինի: Ընդհանրապես, ի՞նչ պետք է անեն նման իրավիճակնելում ֆինանսական և տնտեսական իշխանություները: Աշխարհի 32 կենտրոնական բանկեր արդեն իսկ գնացել են դրամավարկային թուլացումների: Օրինակ, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը, որը գրեթե զրոյացրել է վերաֆինասնավորման տոկոսադրույքը, ունի երկու նպատակ՝ գնաճի զսպումն ու տնտեսական աճը:Մեզ նման փոքր երկրների համար իրավիճակն այլ է: Մնացած բոլոր երկրների կենտրոնական բանկերի խնդիրը գների կայունությունն է ու ֆինանսական համակարգի կայունությունը: 

Գների կայունությունը կարևոր է, քանի որ նման իրավիճակներում գնանկման ծուղակում հայտնվելու ռիսկ է առաջանում: Բայց դրամավարկային քաղաքականության վրա չպետք է դնել տնտեսության ակտիվության վերականգնման գործառույթ: Այստեղ ավելի մեծ դերակատարություն ունի կառավարության հարկաբյուջետային քաղաքկանությունը: Սա ճիշտ գործիք է և տնտեսության համար փողը կլանելու պայմաններ է ստեղծելու: Այս գործիքակազմով հնարավոր է թիրախային աջակցություն ցուցաբերել տնտեսության համակարգաստեղծ հատվածներին՝ արտաքին շոկերի ազդեցությունը մեղմացնելու համար:

Դրամավարկային քաղաքականությունը բանկերին լիկվիդայնություն է տալիս, իսկ հարկաբյուջետայինը՝ տնտեսությանը: Սա իրականացնելու համար կառավարությունը ռեսուրսներ պետք է ձեռք բերի պարտքի մեծացմամբ: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի հակացիկլիկ: Վերելքի ժամանակ այն բերում է կոնսոլիդացման, անկումների փուլում մեծացնում է պետական բյուջեի դեֆիցիտը: Սա պարտադիր է: Այս ուղղությամբ պետք է քայլեր մշակել հենց այսօրվանից: Եթե չօգնեցիր բիզնեսին, հետո ծախքն անգամներով ավելի մեծ է լինելու, քանի որ գործազուրկերի քանակն է ավելանալու: Կա՛մ այսօր պետք է օգնել բիզնեսին, կա՛մ վաղը՝ գործազուրկներին: Գործունեությունը դադարեցրած բիզնեսը հետո դժվար է լինելու վերականգնել: Բիզնես սկսելը տարիների ջանք ու պատմություն է, իսկ քանդելը՝ օրերի հարց:

– Հայաստանն այսօր ճգնաժամային կառավարման փուլում է: Արդյոք կառավարությունը ճի՞շտ ուղղության վրա է, համարժե՞ք քայլեր է ձեռնարկում:

– Հերթով ասեմ նմանատիպ իրավիճակում ինչն է կարևոր: Ամենակարևորը առողջապահական ռիսկերի կանխարգելումն է: Հստակ գործողություններ են պետք այս ուղղությամբ, որն ազդում է նաև հանրության վարքագծի վրա: Այս ուղղությամբ կառավարությունը գործողություններ կատարում է, և հանրությանը պարբերաբար տեղեկացնում է իր կատարած քայլերի մասին: Սա դրական է: Շատ կարևոր է նաև հեշտացնել ֆինանսների տրամադրման գործընթացն առողջապահության նախարարությանը, որպեսզի գերատեսչությունը կարողանա իր գործառույթներն արագ ու պատշաճ կատարել:

Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն: Սա ևս ճիշտ որոշում է նման իրավիճակում, քանի որ հիվանդացության աճող դինամիկայի ու դրանից բխող գործողությունների մասով կառավարությունը պետք է կարողանա ճկունություն դրսևորել, անհրաժեշտության դեպքում սահմանափակել ներքին տեղաշարժը: Սրա նպատակն է կանխարգելել վարակի տարածումը, պաշտպանել հանրային առողջապահությունը:  

Մյուսը հստակ ու համակարգված տեղեկատվական քաղաքականությունն է՝ հատկապես հանրային սպասումների կառավարման համար: Մարդն իր ռիսկերը նման իրավիճակում կարգավորում է առկա տեղեկատվության հիման վրա: Դրա համար պետք են ակտիվ տեղեկատվական հոսքեր պետությունից, որպեսզի խուճապ առաջացնող լուրերը չդառնան մարդկանց վարքագիծը ձևավորող գործոն: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո մի պահ խանութներում հերթեր գոյացան, սակայն այն բանից հետո, երբ կառավարությունը սկսեց ակտիվ տեղեկատվական քաղաքականություն վարել, իրավիճակը հանդարտվեց:

Շատ լավ է, որ տեղեկատվական կենտրոն է ձևավորվել, և պարբերաբար մամուլի ասուլիսներ են անցկացվում տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Սա հանրության վարքագիծը խարսխող հանգամանք է: Այս գործելաոճը պետք է շարունակել:

– Ի՞նչ պետք է անի կառավարությունը սոցիալ-տնտեսական ռիսկերի կառավարման ուղղությամբ:

– Կառավարությունը վաղ թե ուշ պետք է ներկայացնի տնտեսական ծրագիր՝ սոցիալական բաղադրիչով: Օրվա հաց վաստակող շատ մարդիկ, առողջապահական ռիսկերով պայմանավորված, այժմ տանն են նստած: Կարող է լինել գործարար, որ ընդհանրապես դադարեցնի իր գործունեությունը՝ լրացուցիչ սոցիալական բեռ իր վրա չվերցնելու համար: Պետությունն այս ռիսկերը պետք է հաշվի առնի ու դրանց մեղմման ուղղությամբ քայլեր կատարի, որոշակիորեն փոխահտուցի այդ ծախսերը:

Մյուսը տնտեսական ռիսկերն են: Նման իրավիճակում տնտեսվարողներն առաջնային իրացվելիության խնդիր են ունենում: Որևէ տնտեսվարող միանգամից անվճարունակ չի դառում: Սկզբից իրացվելիության խնդիր է առաջանում, հետո՝ վճարունակության: Ըստ այդմ, նախ պետք է ախտորոշվեն ոլորտները, որոնց պետք է իրացվելություն ապահովել: Խոսքը հատկապես տնտեսության համակարգաստեղծ հատվածների մասին է: Օրինակ, հանքահումքային ընկերությունները: Դրանց կանգնելն իր շղթայական ռեակցիայով կարող է համակարգային խնդրներ ստեղծել տնտեսության համար:

Աջակցության գործիքները կարող են լինել հարկային և ծախսային: Կառավարությունը կարող է հարկային արձակուրդներ տալ: Նույն բանն է՝ պետությունն այդ փողը վերցնի ծախսով տա, թե թողնի տնտեսվարողի մոտ: Սա իրացվելիություն ապահովող գործիք է: Ուղղակի սա պետք է լինի խիստ համակարգված ու խիստ ոլորտային, որպեսզի համակարգային կարգապահությունը վերահսկողության տակից դուրս չգա: Տուժելուց չենք խուսափելու, մեր խնդիրն է բացասական ազդեցությունների մեղմացումը:

Արշալույս Մղդեսյան