2 միլիոն դոլար՝ Հյուսիս-հարավի կառուցապատողից պաշտպանվելու համար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կապալառու իսպանական «Կորսան կորվիամ» ընկերության հետ արբիտրաժային դատարանում ունեցած վեճում ՀՀ-ն ներկայացնելու համար Lalive իրավաբանական ընկերությունը կառավարությունից մոտ 2 միլիոն դոլար կստանա։ Այս հարցն ընդգրկված է մարտի 19-ի կառավարության նիստի օրակարգում։

2018-ի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում խոշոր չափերի չարաշահումների մասին։ Մոտ մեկ ամիս անց Պետեկամուտների կոմիտեն իսպանական ընկերության հետ կապված հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «Կորսան կորվիամը» հարկեր թաքցնելու համար անցնում է քրեական գործով։ 2019-ի հունվարից իսպանական ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ ընդդեմ Հայաստանի։

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ 2019-ի նոյեմբերին Lalive ընկերության հետ կնքվել է իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեքը եղել է 1,3 միլիոն դոլար, այնուհետև հարուցվել է նոր արբիտրաժային գործ, և գումարն իր հերթին ավելացել ու կազմել է 1,9 միլիոն դոլար։ 2019-ի հունվարից-2020-ի մարտ ամիսներին Lalive ընկերությունն արդեն իսկ 825 00 դոլարի ծառայություն է մատուցել։

Lalive-ը իրավաբանական խոշոր ընկերություն է` հիմնված Շվեյցարիայում։ Ընկերության տեղական ենթախորհրդատուն հայկական «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակն է։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել