Կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ճգնաժամի արդյունքում հայ ժողովուրդը, Հայաստանը և Արցախը պետք է ավելի ուժեղացած դուրս գան․ այս մասին կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունում քննարկել են տնտեսությանն աջակցություն ցուցաբերելու փաթեթներ:

Նա հայտնեց, որ կառավարության առջև խնդիր է դրված ոչ թե վերականգնել նախաճգնաժամային վիճակը, այլ ճիշտ դիրքավորվել հետճգնաժամային իրավիճակում և օգտվել նոր հնարավորություններից: 

«Մենք պետք է առաջնորդվենք զարգացման տրամաբանությամբ, ոչ թե նախաճգնաժամային ցուցանիշները վերականգնելու խնդիր դնենք»,- ասաց վարչապետը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ առաջ է բերելու, ու գործադիրը պետք է դրանց արձագանքի:

«Բայց շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, արդար ու թիրախային», – ասաց նա՝ հավելելով, որ նախկինի նման սոցիալական աջակցության ծրագրերը չպետք է կենտրոնանան մի քանի տեղում ու ստվերային հարստացում ապահովեն:

Ըստ գործադիրի ղեկավարի՝ նախատեսվում է 25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, նույքան էլ լինելու է սոցիալական փաթեթը: «Մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ է ձևավորվելու, որը կուղղվի տնտեսության վերաձևավորմանը և կարգավորմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Չնայած այդ պարամետրերը մեծ անորոշություն են պարունակում», – ասաց վարչապետը, խոսքը փոխանցելով Մհեր Գրիգորյանին, որը ներկայացրեց 25 մլրդ դրամի բիզնեսին աջակցության փաթեթը:

Գրիգորյանը նկատեղ, որ նման ճգնաժամերի ժամանակ առաջանում են սպառման անկանոն ռեժիմներ, հանգեցնում անկման: «Մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին օգտագործել դրանք և անցնել սպառման անկանոն ժամանակշրջանն առանց էական վնասների կամ կորուստների», – ասաց Գրիգորյանը։

Ըստ այդմ, նրա խոսքով, կառավարությունը ձևավորել է պոտենցիալ վարկային պրոդուկտների շարք: Դրանք երեքն են և ենթադրում են վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում:

«Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինլու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ, մեր կարծիքով, մենք լուծել ենք օժանդակության առաջարկվող ձևերով՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքների սուբսիդավորում», – նշեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կլինի նաև այնպիսի վարկատեսակ, որը բիզնեսին հնարավորություն կտա «on hold» մնալ որոշակի ժամանակ:

«Այսինքն հոգալ ծախսերը, չունանենալ տոկոսային բեռ և չունենալ արժութային ռիսկ», – ասաց նա:

Այնուհետև Փաշինյանը որոշակիորեն մանրամասնեց ներկայացված առաջարկը: «Մենք առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետևյալն է: Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է: Իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ», – ասաց Փաշինյանը:

Արշալույս Մղդեսյան