Covid-19 և իբուպրոֆեն. վիրուսի դեմ դեղամիջոցների մասին միֆերն ու ճշմարտությունը 

Վերջերս կայքերում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունենալով՝ չի կարելի ընդունել իբուպրոֆեն, նուրոֆեն և հակաբորբոքային ազդեցություն ունեցող այլ դեղեր: Իրական բժիշկների խորհուրդների հետ մեկտեղ հայտնվեցին շատ կեղծիքներ: Ի՞նչ է տեղի ունենում, և ի՞նչ տեղեկատվության վստահել: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

BBC-ին տված մեկնաբանություններում բժիշկները հաստատել են, որ կորոնավիրուսի առկայության կասկածների դեպքում իբուպրոֆենն իսկապես խորհուրդ չի տրվում: Այնուամենայնիվ, առողջական այլ խնդիրների համար այս դեղն ընդունող մարդիկ չպետք է ընդհատեն ընդունումը՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Ո՞րն է իբուպրոֆենի շուրջ վեճի բուն իմաստը

Իբուպրոֆենը պատկանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի խմբին, որոնք օգնում են նվազեցնել ջերմաստիճանը և մեղմել գրիպի կամ վիրուսային այլ ինֆեկցիաների ախտանիշները, բայց կարող են նաև առաջացնել կողմնակի բարդություններ, հատկապես՝ ասթմայի, սրտի հետ կապված խնդիրներ և արյան անբավարար շրջանառություն ունեցող մարդկանց մոտ:

Covid-19-ի դեպքում իբուպրոֆենի օգտագործման առանձնահատկությունների վերաբերյալ ուսումնասիրություններ դեռ չեն իրականացվել, բայց նախկինում ուսումնասիրվել է դեղամիջոցի ազդեցությունը շնչառական այլ հիվանդությունների դեպքում։ Ապացուցվել է, որ որոշ դեպքերում այն իսկապես կարող է վատթարացնել հիվանդի վիճակը:

Փորձագետների հիմնական եզրակացությունն այն է, որ իբուպրոֆենի հակաբորբոքային բաղադրիչը կարող է նվազեցնել մարդու իմունային համակարգի արդյունավետությունը վիրուսի դեմ պայքարում: Օրերս Բրիտանական առողջապահության ազգային համակարգի (NHS) կայքում հայտնվեց հաղորդագրություն, որ չնայած նրան, որ կորոնավիրուսի դեպքում իբուպրոֆենի վնասակար լինելը դեռևս լիովին ապացուցված չէ, քաղաքացիներին խնդրվում է ձեռնպահ մնալ այն օգտագործելուց: Արևադարձային բժշկության Լիվերպուլի դպրոցի դասախոս և գիտական խորհրդատու Թոմ Ուինգֆիլդը խորհուրդ է տալիս պարացետամոլը, քանի որ այն ավելի քիչ կողմնակի բարդություններ է առաջացնում:

«Իբուպրոֆենի նման ոչ ստերոիդային դեղամիջոցները հատկապես երկար ժամանակ ընդունելու դեպքում կարող են ծանրաբեռնել երիկամների աշխատանքը և գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Իսկ դա վտանգավոր է ստամոքսի և երիկամների հիվանդությունների համար նախատրամադրվածություն ունեցող հիվանդների համար»,- ասում է Թոմ Ուինգֆիլդը:

Հինգշաբթի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես խորհուրդ տվեց, որ Covid-19-ի ախտանշաններ ունեցող մարդիկ խուսափեն իբուպրոֆենի ընդունումից:

Ինչպես զանազանել ֆեյքը

Այս կեղծ հաղորդագրության մեջ հեղինակը հղում է անում Վիեննայի լաբորատորիաներում կատարված ուսումնասիրություններին, որոնք, իբր, ապացուցում են մի շարք դեղերի աղետալի ազդեցությունը կորոնավիրուսի առկայության դեպքում։

Բժիշկները կոչ են անում ընտրողաբար մոտենալ Ինտերնետում շրջանառվող տեղեկատվության աղբյուրներին, քանի որ վերջերս հայտնվել են մի շարք հաղորդագրություններ, որ իբր տարբեր երկրներում հիվանդանոցներ են ընդունվել ծանր վիճակում գտնվող մարդիկ, որոնք հազի ու ջերմության դեպքում իբուպրոֆեն էին ընդունել։ Սակայն նշված հիվանդանոցները հերքել են այդ տեղեկատվությունը:

Նման կեղծ լուրերից մեկում, օրինակ, ասվում էր, որ Վիեննայի համալսարանի մասնագետները պնդում են, թե իբուպրոֆենը մարմնում ստեղծում է Covid-19-ի համար բարենպաստ միջավայր, ինչի հետևանքով էլ Իտալիայում առաջացել է նման աղետալի իրավիճակ:

Որպես կանոն, այդպիսի տեղեկատվություն հրապարակող օգտատերերը հղում են անում բժշկական աղբյուրներին, բայց բժիշկներն ասում են, որ նման հաղորդագրությունները կեղծ են:

Պետք է զգուշորեն վերաբերվել վերացական բժշկի խոսքերին հղում անող հաղորդագրություններին, ինչպես նաև տարբեր օգտատերերի էջերում նույն հաղորդագրության բազմաթիվ հրապարակումներին: Նաև վտանգավոր է, երբ պաշտոնյայի խոսքը ներկայացվում է համատեքստից դուրս և սխալ եզրակացությունների հանգեցնում։

Օրինակ, Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանի թվիթերյան գրառումն այն մասին, որ հակաբորբոքային դեղամիջոցները կարող են վարակի ավելի ագրեսիվ տարածում առաջացնել, կիսել է ավելի քան 43 000 մարդ՝ առանց նշելու, որ Վերանը նաև կոչ է արել չդադարեցնել այդ դեղերի ընդունումը առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Աշխարհի տարբեր երկրներում բժիշկները հորդորում են հավատալ միայն առողջապահության ազգային համակարգերի պաշտոնական կայքերում, ԱՀԿ կայքում և գիտական հայտնի ամսագրերում հրապարակված տեղեկատվությանը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Covid-19 и ибупрофен: мифы и правда о лекарствах против вируса

Մեկնաբանել