Կորոնավիրուսը խնդիրներ է ստեղծել երկու խոշոր նախագծերի համար

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնամային իրավիճակը խնդիրներ է ստեղծել նաև որոշ ոլորտներում պետության կապիտալ ծախսերի իրականացման համար․ կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Մինչ խոսքը նախարարին փոխանցելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ճգնաժամի ընթացքում պետության կապիտալ ծախսերի իրականացման ծրագրերում շատ բան չի փոխվելու:  

Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ իրավիճակին հետևում են և մի քանի հարցերի պետք է «արագ ճգնաժամային լուծումներ տան»:

«Այս հարցերով հանդիպում ունենք փոխվարչապետ Ավինյանի հետ: Խնդիրները պայամանավորված են երկու հանգամանքով: Խոսքը վերաբերում է Իրան-Հայաստան (երրորդ) բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը և Հյուսիս-հարավ ավտոմայրուղու այն հատվածին, որը չինացի կապալառուներն են կառուցում: Կորոնավիրուսի տարածմամբ պայամնավորված՝ գործընկերների գալու և աշխատանքը շարունակելու խնդիրներ կան», – նշեց Պապիկյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ լուծումներ են փորձում գտնել, որոնց մասին այսօր վարչապետին կզեկուցեն:

Արշալույս Մղդեսյան