Ինչպես են աշխարհի միլիարդատերերը արձագանքում կորոնավիրուսի համավարակին

«Կորոնավիրուսի» համավարակի տարածման ֆոնին Ֆորբս հանդեսը հետևել է համաճարակի վերաբերյալ միլիարդատերերի արձագանքներին:  

Աշխարհի մեծահարուստներից ոմանք նվիրատվություն են անում՝ օգնելու համաճարակից առավել տուժած երկրներին: Աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, հայտարարել է, որ Bill and Melinda Gates հիմնադրամը 100 միլիոն դոլար կնվիրաբերի՝ վիրուսի հայտնաբերման, մեկուսացման և բուժմանն օժանդակելու համար:

Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման՝ Չինաստանի երկրորդ ամենահարուստ մարդը, իր հիմնադրամից կնվիրաբերի 14 միլիոն դոլար՝ պատվաստանյութի մշակման համար։ Նա նաև խոստացել է կորոնավիրուսի 500 000 թեստ և մեկ միլիոն դիմակ նվիրաբերել ԱՄՆ-ին:

Airbnb-ի գործադիր տնօրեն Բրայան Չեսկին Թվիթերում հայտարարել է, որ ընկերությունը ամբողջ աշխարհով մեկ իր օգտատերերին հնարավորություն կտա չեղյալ հայտարարել իրենց ամրագրումները և ետ ստանալ գումարները:

Հեջ ֆոնդի միլիարդատեր Քեն Գրիֆինի Citadel ընկերությունը հայտարարել է, որ 7,5 միլիոն դոլար է նվիրաբերելու Չինաստանի՝ կոռոնավիրուսից ամենաշատ տուժած նահանգներից մեկին:

Ֆորբսը զրուցել է մի քանի միլիարդատերերի հետ այն մասին, թե ինչ են մտածում համաճարակի վերաբերյալ և ինչ են ակնկալում.

– Paylocity վճարային համակարգերի  ընկերության հիմնադիր և նախագահ Սթիվ Սարովիցն ասում է, որ ընդհատել է իր և ընտանիքի անդամների բոլոր ճանապարհորդությունները։ 

Թեև կորոնավիրուսի պատճառած վնասներն ու մահերը ողբերգական են, բայց նաև կորոնավիրուսի դրական մի կողմ կա: Ամենակարևորը՝ այն ցույց տվեց, թե ինչքան փոխկապված ենք բոլորս, և որ բոլորս պետք է ապավինենք միմյանց և աշխատենք միասին՝ դրա դեմ պայքարելու համար: Բացի այդ, ճանապարհորդությունների նվազմանը զուգահեռ ընտանիքները միասին ավելի շատ ժամանակ կանցկացնեն տանը:

Geolo Capital-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Պրիցկերը, որը ներկայում ներդրումներ ունի ԱՄՆ-ի ամբողջ տարածքի յոթ խոշոր հյուրանոցներում, ասում է․

– Խելամիտ հեռավորության, հիգիենայի կանոնների պահպանում, մեր շրջապատի մարդիկ ևս նույնն են անում: Անցել եմ C / A և B3 վիտամինների ընդունման և վարժությունների ռեժիմի: Եթե արդյունք տա՝ ուրախ կլինեմ։ Եթե ոչ, կտխրեմ, որ այդ ամենի փոխարեն պարզապես չէի նստել և պաղպաղակ կերել: Իմ երեխաները կարծում են, որ ես տառապում եմ ապոկալիպտիկ տենդով: Բարեբախտաբար, թոռնուհիս այլ կարծիքի է, ըստ նրա՝ ես հիանալի եմ, բայց նա դեռ չի խոսում ու քայլում:

– Ի՞նչն է ձեզ ամենաշատը հուզում․ «Անհայտը. Գրիպը շուրջ 2 000+ տարի է, ինչ կա: COVID-19-ը՝ երեք ամիս: Ինձ անհանգստացնում են սոցիալական և առողջապահական հետևանքները. կարո՞ղ է առողջապահության համակարգը դիմագրավել այս համաճարակին, ո՞վ կստանա պատշաճ խնամք։ Նաև անհանգստանում եմ հետհամաճարակային հետևանքների առումով: Սնանկացում, կորցրած աշխատատեղեր, եկամուտների ավելի մեծ անհամաչափություն… Դիստոպիստ դառնալը հեշտ է, ուստի ես նախընտրում եմ իմ սեփական տեսակետը՝ «շեշտադրենք դրականը»»:

Zoom տեսակոնֆերանսային ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը որոշել է այդ ծառայությունն անվճար դարձնել տուժած շրջաններում անսահմանափակ օգտագործման համար, նախ՝ Չինաստանում, այժմ նաև Իտալիայում և ամբողջ ԱՄՆ-ի դպրոցական համակարգի համար․  

– Ես թիմին ասել եմ, որ նմանատիպ ցանկացած ճգնաժամի ժամանակ չպետք է շեշտը դնել վաճառքի հնարավորությունների վրա: Եկեք կենտրոնանանք մեր հաճախորդների վրա: Եթե դուք նման վիճակները օգտագործեք գումար վաստակելու համար, կարծում եմ՝ դա սարսափելի մշակույթ է: 

Տանզանիայի MeTL խմբի գործադիր տնօրեն Մոհամմեդ Դյուջին ևս չեղյալ է հայտարարել Եվրոպա և Միացյալ Նահանգներ նախատեսված բոլոր ճանապարհորդական ծրագրերը, իր մասնակցությունը տուժած երկրներում անցկացվող բոլոր խոշոր գիտաժողովներին, ֆորումներին և հավաքույթներին:

– Ապրանքների գները նվազել են, և քանի որ մենք առևտրային բիզնեսում ենք, դա ժամանակավորապես անարդյունավետ ազդեցություն է ունեցել մեր ընկերության վրա: Սա վերաբերում է նավթային, սննդային յուղերի շուկաներին, որոնք նույնպես տապալվել են, ինչն ազդում է մեր բիզնեսի վրա։

– Իմ գլխավոր մտահոգությունը մարդկանց կենսամակարդակն է. Հուսով եմ, որ բոլոր կառավարությունները սերտորեն համագործակցում են միմյանց հետ` համախմբելու ռեսուրսները, որպեսզի կարողանան կանխել համաճարակի հետագա ավելի լայնամասշտաբ բռնկումը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ How Bill Gates, Jack Ma And 11 Other Billionaires Are Reacting To The Coronavirus Pandemic