ԱԶԲ-ն համաշխարհային պանդեմիային արձագանքում է 6,5 միլիարդ դոլարի փաթեթով

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հայտարարել է 6,5 միլիարդ դոլար գումարով փաթեթի մասին, որի նպատակն է հոգալ զարգացող անդամ երկրների (ԶԱԵ-ներ) հրատապ կարիքները նոր կորոնավիրուսի (COVID-19) պանդեմիային արձագանքելու գործընթացում։ Այս մասին ասված է ԱԶԲ-ի հայտարարության մեջ:

«Այս պանդեմիան դարձել է մեծ համաշխարհային ճգնաժամ։ Այն պահանջում է հուժկու գործողություն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, – ասել է ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան։ – Մեր զարգացող անդամ երկրների հետ միասին մենք ձևակերպում ենք վճռական գործողությունների շարք՝ այս պանդեմիայի դեմ պայքարելու, ողջ տարածաշրջանում աղքատ, խոցելի բնակչությանը և բնակչության ավելի լայն շրջանակներին պաշտպանելու, և հնարավորինս արագընթաց տեմպերով տնտեսությունների վերականգնումն ապահովելու նպատակով։ Մեր անդամ երկրների և գործընկեր հաստատությունների հետ սերտ երկխոսության հիման վրա մենք տեղաբաշխում ենք 6,5 միլիարդ դոլարի չափով հակաճգնաժամային միջոցառումների այս փաթեթը՝ անդամ երկրների հրատապ կարիքները բավարարելու նպատակով»։

Ասակավան շեշտել է, որ «ԱԶԲ-ն պատրաստ է հընթացս տրամադրել լրացուցիչ ֆինանսական աջակցություն և տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվություն՝ իրավիճակով պահանջվող բոլոր դեպքերում՝ ի լրումն 6,5 միլիարդ դոլարի փաթեթի»։

Նախնական փաթեթը ներառում է մոտավորապես 3,6 միլիարդ դոլար պետական երաշխիքներով գործառնություններում՝ նախատեսված պանդեմիայի առողջապահական և տնտեսական հետևանքների մասով բազմաթիվ արձագանքների համար, ինչպես նաև 1,6 միլիարդ դոլար առանց պետական երաշխիքի գործառնություններում՝ նախատեսված միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, տեղական և տարածաշրջանային առևտրի, ինչպես նաև անմիջական ազդեցության ենթարկված ընկերությունների համար։

ԱԶԲ-ն կհամախմբի նաև 1 միլիարդ դոլարի չափով գումար կոնցեսիոն միջոցներում՝ ընթացիկ ծրագրերից կատարվող վերաբաշխումների և չնախատեսված իրավիճակների դեպքում հնարավոր կարիքները գնահատելու միջոցով։ ԱԶԲ-ն կտրամադրի նաև 40 միլիոն դոլար տեխնիկական աջակցության և արագ դրամաշնորհների համար։

Աջակցության փաթեթն անմիջական ազդեցության ենթարկվածներին հնարավորինս արագ և ճկուն եղանակով տրամադրելու նպատակով ԱԶԲ-ն կփորձի համապատասխանեցնել իր ֆինանսական գործիքները և աշխատանքային գործընթացները։ Հաստատվելով ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից՝ այն կներառի ֆինանսական խիստ սահմանափակումներին առերեսված տնտեսությունների համար արտակարգ բյուջետային աջակցության, քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռացիոնալացված ընթացակարգերի և ճկուն ու արագ գործընթացներով համընդհանուր գնումների արագ հասանելիություն։

Պանդեմիան, նշում են ԱԶԲ-ից, պահանջում է համակարգված արձագանքում և ուժեղ համագործակցություն երկրների և կազմակերպությունների միջև։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել