Այո՛, մենք ունենալու ենք բյուջեի եկամուտների թերակատարում. Դավիթ Անանյան

Կորոնավիրուսի հարուցած դժվարություններով պայմանավորված` Հայաստանն ունենալու է պետական բյուջեի եկամուտների թերակատարում: Այս մասին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այժմ պատրաստ չէ ասել, թե կոնկրետ որքան կլինի բյուջեի թերակատարումը:

Կառավարությունում հրավիրված ասուլիսին Անանյանը նշեց, որ ապրանքաշրջանառությունը նվազել է, ՀԴՄ կտրոնների քանակը՝ ևս, քանի որ հանրային սննդի ոլորտի մեծ մասը չի գործում․ «Առևտրում վերջին օրերի փոփոխությունները դեռ էական չեն, դրանք, հավանաբար, առջևում են»։

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ն անում են ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն:

«Թե ինչ զարգացումներ կլինեն, բոլոր զարգացումներին պատրաստ ենք: Նաև կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները»,- ասաց Անանյանը:

Նա նշեց, որ հարկային վարչարարությունն իրականացվում է նույն ծավալով, նույն խստությամբ։

ՊԵԿ նախագահը նաև հայտարարեց, որ երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին, փոքր ու միջին ձեռնարկություններին հարկային արտոնություններ, հետաձգումներ կամ հարկային արձակուրդներ չեն տրամադրվի:

«Լինելու է թիրախային օժանդակություն՝ անտոկոս փոխառությունների, սուբսիդավորման, փոխառությունների համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, սոցիալական օժանդակությունների տեսքով»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավոր է՝ կառավարությոնը կարողանա ներգրավել գումարներ և որպես ներդրումային օժանդակություն տրամադրել բիզնեսին։

Կառավարությունը նախատեսում է 25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, նույնքան էլ լինելու է սոցիալական փաթեթը: Գործադիրը տնտեսվարողների համար ձևավորել է պոտենցիալ վարկային պրոդուկտների շարք: Դրանք երեքն են և ենթադրում են վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում:

Շուրջ 80 մլրդ դրամ էլ ուղղվելու է «վաղվա օրվան»: Այն է՝ պատրաստել տնտեսությունը հետճգնաժամային «ժամանակների պարամետրերին»:

Արշալույս Մղդեսյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել