Հայաստանի սահմանադռները

Հայաստանը ընդհանուր սահմաններ ունի միջազգայնորեն ճանաչված չորս և չճանաչված մեկ պետության հետ՝ Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան և Արցախ: Հայաստանը ցամաքով շրջափակված (landlocked) երկրներից է, այսինքն՝ չունի ելք դեպի ծով:

Հայաստանը և Վրաստանը ունեն ցամաքային չորս և երկաթուղային մեկ սահմանադուռ:

Սահմանադռներից կարևորագույնը Բագրատաշեն-Սադախլոն է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում: Այստեղով են իրականացվում հիմնական ապրանքափոխադրումները և մարդկանց տեղաշարժը ոչ միայն դեպի Վրաստան, այլև Ռուսաստան, Թուրքիա և բազմաթիվ այլ երկրներ:

Արտաքին աշխարհի հետ Հայաստանին կապող միակ երկաթգիծը ևս անցնում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանով՝ Այրում-Սադախլո հատվածով: Երկաթգիծը ավարտվում է Վրաստանում, քանի որ փակ է Վրաստան-Ռուսաստան երկաթուղագիծը Աբխազիայի հատվածում: Չնայած այս իրողությանը, հայ-վրացական երկաթուղագիծը Հայաստանի տնտեսության համար ունի կենսական նշանակություն, քանի որ հենց վրացական երկաթգծով է Հայաստանը կապվում Սև ծովի Բաթումի և Փոթի նավահանգիստների հետ, այն է՝ ստանում է ելք դեպի ծով:

Հայ-վրացական մյուս երեք սահմանադռներն են Պրիվոլնոյե-Ախքյոռփին ու Գոգավան-Գուգուտին (երկուսն էլ՝ Լոռու մարզի Տաշիրի շրջանում) և Բավրա-Ժդանովականը Շիրակի մարզ-Ջավախք հատվածում:

Հայաստան-Թուրքիա սահմանադռները փակ են թուրքական կողմից 1993-ի ապրիլից: Ի համերաշխություն Ադրբեջանի՝ Թուրքիան շրջափակման ենթարկեց Հայաստանը այն բանից հետո, երբ հայկական ուժերը մտան Քելբաջար/Քարվաճառ:

Հայ-թուրքական ցամաքային երկու սահմանադռներն են Մարգարա-Ալիջանը Արաքս գետի վրա (Արմավիրի մարզ) և Ախուրիկ-Դողուգափըն (Շիրակի մարզ): Այստեղով է անցնում նաև երրորդ՝ երկաթուղային սահմանադուռը՝ Գյումրի-Կարս:

Սառը պատերազմի տարիներին երկաթյա վարագույրի մի հատվածն անցնում էր Թուրքիայի և Իրանի հետ: Մինչև այսօր էլ՝ Սառը պատերազմի ավարտից 30 տարի անց, հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների երկայնքով պահպանվում են փշալարերն ու դիտաշտարակները: Բայց եթե Հայաստանն ու Իրանը դարձել են բարեկամական հարևաններ, ապա թուրք-հայկական սահմանը Եվրոպայի միակ փակ դուռն է:

Չնայած այդ իրողությանը, խորհրդային տարիներին Կարս-Գյումրի երկաթուղագիծը գործում էր, ճիշտ է՝ սահմանափակումներով, ինչպես Մարգարա-Ալիջանը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թուրքիայի հանդեպ անվստահությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը հաշվի առնելով՝ խորհրդային կողմից պայթեցվեց Մարգարա-Ալիջան կամուրջը: 1960-ականներին Արաքսի վրա՝ նույն հատվածում, կառուցվեց նոր կամուրջ, որն իրար կապում էր Խորհրդային Միությունն ու Թուրքիան:

Հայաստանի և Իրանի միջև կա մեկ ցամաքային սահմանադուռ, որն անցնում է Արաքս գետի վրայով՝ Կարճևան-Նորդուզ: Այն գտնվում է Սյունիքի մարզի Մեղրիի շրջանում:

Խորհրդային տարիներին Արաքսի վրա, մոտավորապես նույն տեղում, գործում էր շարժական կամուրջ: Երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, օրախնդիր դարձավ նոր կամրջի կառուցումը: Այն իրականություն դարձավ 1996-ին՝ Ավստրալիայի հայերի հանգանակությունների շնորհիվ:

Հայաստան-Ադրբեջան սահմանադռները փակ են Արցախյան պատերազմի պատճառով:

Խորհրդային տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը մեկ միասնական պետության մաս էին կազմում, նրանց միջև սահմանադռներ չկային, ինչպես չկային Հայաստանի և Վրաստանի միջև:

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող տասնյակ ճանապարհներ կային, բայց հիմնականները մի քանիսն էին:

Նախիջևանի հետ ցամաքային գլխավոր սահմաններն անցնում էին Երասխ-Սադարակ (Արարատի շրջանում), Շաղատ-Բիչենեկ (Սիսիան) և Ագարակ-Օրդուբադ (Մեղրիի շրջան) հատվածներով: Նախիջևանով էին անցնում նաև Երևան-Բաքու և Երևան-Կապան գնացքները:

Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվում էր Արաքսի ափին ձգվող երկաթգծով՝ Մեղրիի հատվածում, ինչպես նաև Աղդամ-Ստեփանակերտ-Լաչին-Գորիս-Շաղատ-Բիչենեկ ճանապարհով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև շահագործվող հիմնական ցամաքային ճանապարհներն էին Ազատամուտ-Ջաֆառլուն (Իջևան-Ղազախ հատված), Բերդ-Թովուզը, Վարդենիս-Քելբաջարը, Գորիս-Լաչինը (այսօր՝ Բերձոր) և Կապան-Զանգելանը (այսօր՝ Կովսական):

Բացի այդ, խորհրդային վերջին տարիներից գործում էր Իջևան-Բաքու գնացքը:

Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապվում է նաև երկու օդային սահմանադռներով՝ Զվարթնոցի և Շիրակի օդանավակայաններով:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ Բագրատաշենի անցակետը հայ-վրացական սահմանին։

Մեկնաբանել