ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարությունում այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց կառավարության երեք առաջնահերթությունները։
«Փոփոխություններն այնքան արագ են, որ ամեն օր աշխարհի կառավարությունների առաջ նոր մարտահրավերներ են առաջացնում»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը տնտեսվարողներին աջակցելու նախնական մոտեցումներ ունի։ «Մի մասով դրանք հստակ են, մյուս մասով ենթակա են ճշգրտումների՝ համապատասխանեցնելով բիզնեսի կողմից ձևակերպվելիք կարիքներին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթներին սպասելու են, թե կառավարության մոտեցումները, առաջարկներն ինչ արձագանքի են արժանանում բիզնեսի կողմից։
Նախարարը նշեց, որ կառավարությունը հստակ նպատակ ունի ցուցաբերել զգալի ֆինանսական աջակցություն հետևյալ խմբերին․
1. Դժվարին պայմաններում հայտնված տնտեսվարողներին, որոնք ունեն հստակ նպատակներ ու ծրարգրեր, թե ինչպես են հաղթահարելու այս իրավիճակը։
2. Առավել խոցելի վիճակում հայտնված աշխատակիցներին, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց վաղը, հնարավոր է, դժվարություններ ունենան աշխատանքը ժամանակավորապես կորցնելու առումով։
3. Երբ մենք արդեն այս դժվարին ժամանակը անցած կլինենք և քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին, կառավարությունը հատուկ դրամագլուխ է նախատեսում այն կազմակերպությունների համար, որոնք կձևակերպեն իրենց տեսակետները զարգացման պլանների առնչությամբ և կդիմեն դրանք քննարկելու և աջակցություն ստանալու համար։
«Սրանք այն հարցերն են, որոնք գտնվում են կառավարության օրակարգում»,- ասաց նախարարը։
Պղնձի միջազգային գների մասին
Պղնձի միջազգային գները շարունակում են անկում ապրել։ Հարցին, թե որն է Հայաստանի համար պղնձի գնի ստորին շեմը, և արդյոք կա համագործակցություն կառավարության և պղնձաձուլական ընկերությունների միջև, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ տնտեսության երեք հիմնական ոլորտ կա, որ առաջին հարվածը ստացան՝ զբոսաշրջություն, արտահանողներ, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն էր, և պղնձաձուլարանները՝ աշխարհում պղնձի գների անկմամբ պայմանավորված։
Նրա խոսքով՝ ներկայում պղնձի մեկ տոննայի գինը 4 800 դոլարի սահմանում է․ «Սա զգալիորեն ցածր գին է։ Մեր արտահանման կառուցվածքում սա զգալի է։ Նախորդ տարի, եթե չեմ սխալվում, 550 միլիոն դոլարից ավելի պղնձի խտանյութի արտահանում է տեղի ունեցել։ Այս տարեսկզբին պղնձի գները մոտ էին 6 000 դոլարին մեկ տոննայի դիմաց»։
Նախարարը դժվարացավ ասել, թե ոլորտի ընկերություններից որն ինչպես կարձագանքի այդ 4 800 դոլար գնին, քանի որ տարբեր ընկերությունների մոտ մեկ տոննայի հաշվով ծախսերը տարբեր են։ «Սակայն ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով դժվար պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր ընկերության համար»,- ասաց նախարարը։
Վստահ եմ, որ ընկերությունները մտածում են, թե նոր պայմաններում ինչպես պետք է իրենց ծախսային կազմակերպումն անցնեն, որ դիմակայեն այդ մարտահարվերին, բայց մեծ հաշվով 4 800 դոլարը ցածր գին է։
Նախարարն ասաց, որ առաջիկայում կառավարությունը կարձագանքի, թե ինչպես է տեսնում հանքարդյունաբերական ձեռնարկություններին աջակցելու հնարավորությունը։
#CivilNet #News