Նավթի գների անկումը Ռուսաստանին սպառնում է ոչ միայն նավթագազային եկամուտների 3 տրլն ռուբլի կորստով, այլև ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներով, գրում է The Bell հանդեսի ռուսական հրատարակությունը։
Նախօրեին Բրենտ տեսակի նավթի գնի 25 դոլարից ներքև իջնելուց հետո ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի գնային պատերազմին կարող է ավելանալ երրորդ կողմը․ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան նավթարդյունաբերողները օգնության են դիմել Դոնալդ Թրամփի վարչակազմին, և Սպիտակ տանն այժմ մտածում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:
– ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի վրա՝ որպես դաշնակցի, կարող է փորձել ազդել դիվանագիտական ուղիներով, իսկ Ռուսաստանին՝ սպառնալ նոր պատժամիջոցներով, գրում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
– Գլխավոր նպատակն է կայունացնել շուկան և օգնել խուսափել ամերիկյան տասնյակ նավթարդյունաբերող ընկերությունների սնանկացումից։
– Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ը կարող է խնդրել վերադառնալ արդյունահանման այն ծավալներին, որոնք Ռիադը պահպանում էր մինչև ՕՊԵԿ+ գործարքի փլուզումը (մարտի 6), երբ սկսվեց առճակատումը Ռուսաստանի հետ։ Վերջինս չհամաձայնեց նավթի արդյունահանման կրճատմանը, ինչը հանգեցրեց նավթի հետագա գնանկման։ (Տե՛ս Պետրոս Թերզյանի «Նավթային պատերազմներ» հոդվածը):
– Թե ինչ պատժամիջոցներ կարող են սպասել Ռուսաստանին, դեռ պարզ չէ։ ԱՄՆ-ում առայժմ միայն «քննարկում են այդ հնարավորությունը»։ Սակայն պատժամիջոցների ուրվականը նույնիսկ վատ լուր չէ։ Ավելի վատ կարող է լինել այն, որ Թրամփի վարչակազմը ոչ միայն ուսումնասիրում է խնդրի իրավիճակային լուծման հնարավորությունը, այլև երկարաժամկետ հեռանկարի տարբերակներ է մշակում: Եթե հավատանք WSJ-ին, դրանցից մեկը Սաուդյան Արաբիայի ու Ռուսաստանի փլուզված դաշինքում Ռիադի նոր դաշնակցի դերի ստանձնումն է։ Դա կնշանակի, որ նավթի համաշխարհային շուկայում նոր կարտել կառաջանա, որտեղ դժվար թե հրավիրեն Ռուսաստանին։
– Հայտնի չէ, թե արդյոք Կրեմլում գնահատել են այս ռիսկերը, ինչպես նաև մարտի 6-ի Վիեննայի ձախողված բանակցություններից հետո Սաուդյան Արաբիայի կողմից Ռուսաստանի հետ որևէ համագործակցությունից հրաժարման հնարավորությունը։ Սակայն արդյունքն առայժմ ավելի է համարձակ բոլոր սպասումներից: «Լուկօյլի» համասեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ նավթային շուկայում տեղի ունեցած փլուզումը «վատ երազում անգամ չէին կարող պատկերացնել առանձին պետական ընկերություններ», որոնք հույս ունեին, թե դուրս գալով ՕՊԵԿ+ համաձայնագրից, կնեղեն ամերիկյան մրցակիցներին: Ֆեդունի հայտարարություններն ակնհայտորեն վերաբերում են «Ռոսնեֆտին»:
– Գնային պատերազմն ԱՄՆ-ում կարող է վեց-յոթ տարով հետ մղել թերթաքարային նավթի արդյունահանումը։ Իսկ Ռուսաստանում, եթե նա ՕՊԵԿ-ի հետ համաձայնագիրը չվերսկսի, և նավթը մնա 35 դոլարից ցածր, արդյունահանումը կսկսի կրճատվել 2022-2023 թվականներից
Ի՞նչ է այս ամենը նշանակում Ռուսաստանի համար
Նավթի ընթացիկ գների դեպքում Ռուսաստանի բյուջեն այս տարի կզրկվի նավթագազային 3 տրիլիոն ռուբլուց (համեմատության համար՝ կորոնավիրուսի թեժ շրջանում տնտեսությանն աջակցելու համար ՌԴ կառավարությունն առայժմ հատկացրել է 300 մլրդ ռուբլի): Fitch-ն ակնկալում է, որ միայն նավթի գնանկումը, ապա փլուզված ռուբլին և ներկրվող ապրանքների գների անխուսափելի աճը այս տարի կկրկնապատկեն տնտեսական աճի անկումը:
Ի՞նչ է այս ամենը նշանակում Հայաստանի համար
Ռուսաստանը Հայաստանի արտադրողների համար ամենամեծ արտաքին շուկան է (հանքահումքը չհաշված)։ Ռուբլու գնանկումը Ռուսաստանում հանգեցնելու է գնողունակ պահանջարկի անկման և հայկական ապրանքների (հիմնականում՝ գյուղմթերք, պահածոներ և ալկոհոլ) սպառման կրճատման, հետևապես՝ Հայաստան եկող եկամուտների անկման։
Ռուսական ռուբլու արժեզրկումը կհարվածի նաև դոլարային արտահայտությամբ Հայաստան մտնող մասնավոր դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի վրա։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուր-երկիրը։
Ներդրումների ծավալով Ռուսաստանը Հայաստանում առաջինն է։ Ռուբլու արժեզրկումն ու ռուսական տնտեսության անկումը կազդեն նաև Հայաստանում ռուսական ընկերությունների կողմից կատարվող ներդրումների վրա։
Կարեն Հարությունյան