Դավադրապաշտները սխալ են. կորոնավիրուսը եկել է բնությունից․ Nature Medicine

Նոր տեսակի կորոնավիրուսը «լաբորատորիայում չի ստեղծվել», այլ առաջացել է բնական էվոլյուցիայի արդյունքում․ այս եզրահանգմանն է եկել Nature Medicine գիտական հանդեսը իր զեկույցում, որը հերքում է վիրուսի ծագման մասին դավադրության տեսությունները։ Վերլուծվելով կորոնավիրուսի գենոմի հաջորդականությունը, հայտնաբերվել են ուժեղ ապացույցներ, ըստ որոնց՝ վիրուսը զարգացել է բնական ճանապարհով։

Առաջին անգամ Չինաստանի Ուհան քաղաքում դեկտեմբերի վերջին ի հայտ եկած վիրուսը արագ տարածվել է ամբողջ աշխարհով մեկ՝ ընդգրկելով աշխարհի ավելի քան 170 երկիր, վարակելով ավելի քան 200 000 մարդու և դառնալով մոտավորապես 8 200 մահվան պատճառ: Բայց համաճարակի հետ մեկտեղ սրվել են վախն ու ապատեղեկատվությունը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ երկրագունդը պայքարում է ոչ միայն համաճարակի, այլև «լրավարակի» դեմ։

Տարածված առասպելներից է այն, որ SARS-CoV-2 նոր տեսակի վիրուսն ի սկզբանե ստեղծվել է լաբորատորիայում: Բայց նոր ուսումնասիրությունում, որ հրապարակել է Nature Medicine https://www.nature.com/articles/s41591-020-0820-9 հանդեսը, հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսի գենոմի հաջորդականությունը և գտել  ուժեղ ապացույցներ առ այն, որ վիրուսը զարգացել է բնական ճանապարհով՝ հավանաբար չղջիկից կամ պանգոլինից:

«Մեր վերլուծությունները պարզ ցույց են տալիս, որ SARS-CoV-2-ը լաբորատոր արտադրանք կամ նպատակաուղղված կերպով փոփոխված վիրուս չէ»,- նշում է զեկույցը:

Թիմը վերլուծել է «ելուստների սպիտակուցի» երկու տարր, որը վիրուսն օգտագործում է մարդու կամ կենդանիների բջիջներ մուտք գործելու և գրավելու համար: Նրանք պարզել են, որ սպիտակուցի որոշ առանձնահատկություններ այնքան արդյունավետ կերպով են կապվում մարդու բջիջների հետ, որ դա պարզապես բնական ընտրության (natural selection), այլ ոչ թե գենետիկական ճարտարագիտության (գենային ինժեներիա) արդյունք է:

Այս արդյունքն ամրապնդվեց վիրուսի «ողնաշարի» կամ ընդհանուր մոլեկուլային կառուցվածքի վերլուծության միջոցով: Եթե ինչ-որ մեկը ցանկանար նոր կորոնավիրուսային պաթոգեն ստեղծել, ապա այն կկառուցեր արդեն գոյություն ունեցող որևէ մի վիրուսի ողնաշարի հիման վրա, գրում են հետազոտողները: Այնուամենայնիվ, SARS-CoV-2-ի ողնաշարը «էականորեն տարբերվում է» մարդուն վարակող հայտնի մյուս վեց կորոնավիրուսներից։

Wellcome հետազոտական ընկերությունում համաճարակային հիվանդությունների բաժնի ղեկավար Դոկտոր Ջոնսի Գոլդինգը, մեկնաբանելով զեկույցը, ասել է The Telegraph-ին ասել է․

«Այս վիրուսի զարգացման ճանապարհի ուսումնասիրությունից երևում է, որ հայտնի հակադարձ գենետիկական համակարգերից որևէ մեկը չի կիրարկվում։ Սա վերջ է դնում կանխամտածված գենետիկական ճարտարագիտության վերաբերյալ ցանկացած շահարկման: Սա կարևոր հետազոտություն է, քանի որ ապատեղեկատվությունը կարող է խանգարել վիրուսին հակահարված տալուն ուղղված մեր ջանքերին։ Հուսով եմ, որ սա դրական ազդեցություն կունենա առասպելները ցրելու և ուժեղ, գիտական ապացույցների նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցում,- ասել է Գոլդինգը։

Զառա Պողոսյան

Հոդվածի բնօրինակը՝ Study proves conspiracy theorists wrong – coronavirus came from nature