Ռուբլու թուլացումը ժամանակավոր է․ Ռուսաստանի ԿԲ

Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6 տոկոսի վրա. ավելի վաղ Ռուսաստանի ԿԲ-ն վեց անգամ անընդմեջ իջեցրել էր տոկոսադրույքը։

«Փետրվար-մարտին իրադարձությունները զարգանում են ԿԲ-ի բազային կանխատեսման սցենարից զգալի շեղումով։ Դա պայմանավորված է արտաքին միջավայրի փոփոխությամբ՝ կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ և նավթի գների կտրուկ անկմամբ։ Ռուբլու գրանցված թուլացումը ժամանակավոր գործոն է»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ն նշում է, որ այս համապատկերում գնաճը 2020-ին կարող է գերազանցել նպատակային ցուցանիշը: Այնուհետև՝ 2021-ին, այն պետք է վերադառնա մինչև 4 տոկոսի մակարդակին:

Սպասելով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը՝ ռուսական առևտրային բանկերը սկսել էին բարձրացնել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները։ Դա առաջին հերթին արել էին օտարերկրյա կապիտալով բանկերը՝ «Ռոսբանկը», «Յունիկրեդիտ Բանկը» և «Ռայֆայզենբանկը»։

Մարտի 17-ին Հայաստանի ԿԲ-ն իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5 տոկոսից մինչև 5,25 տոկոս։

Մարտի 20-ին Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը հայտարարեց, որ ԿԲ-ն հավատարիմ է դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը, Հայաստանում իրավիճակը արտարժույթի շուկայում հանգիստ է։

Տես՛ նաև՝ Նավթը գահավիժում է․ ինչպես դա կազդի Ռուսաստանի, նաև՝ Հայաստանի վրա

#CivilNet #News