Անշարժ գույքի ոլորտը սկսում է զգալ «կորոնաճգնաժամի» հետևանքները

«Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շրջանում շինարարության և անշարժ գույքի ոլորտում իրավիճակի ու սպասումների մասին: Նա ասում է, որ տևական անկումից հետո անցյալ տարի 4 տոկոս աճ գրանցած շինարարության ոլորտը նոր ճգնաժամի շեմին է։ Կառավարության ներկայացրած աջակցության ծարգիրը նա ոչ բավարար է գնահատում: 

– Պարոն Բաղդասարյան,  շինարարւթյան ոլորտում և անշարժ գույքի շուկայում «կորոնաճգնաժամի» ազդեցությունը զգացվո՞ւմ է:

– Շինրարությունն ու անշարժ գույքի շուկան ծանրակշիռ ոլորտ են և միանգամից չեն զգում բացասական ազդակները: Ամեն բան կախված է նրանից, թե որքան կշարունակվի ներկա վիճակը: Ամեն դեպքում, բացասական հետևանքներն իրենց զգացնել կտան: Իրավիճակն արդեն ազդել է պոտենցիալ հաճախորդների մի մասի վարքագծի վրա: Մարդիկ բնակարաններ ձեռք են բերում հիմնականում վարկային միջոցներով, իսկ ստեղծված իրավիճակում վարկերի հետագա սպասարկման հետ կապված մտահոգություններ են ծագում: Նրանք հետաձգում են բնակարան ձեռք բերելու որոշումների կայացումը: Բնականաբար սա չի կարող հետևանքներ չունենալ կառուցապատման վրա: 

Պահանջարկի նվազումը շղթայական ռեակցիայով է ընթանալու՝ սկսած բանկերից մինչև վարկառու, կառուցապատող և ոլորտը սպասարկող այլ միկրոոլորտներ: Մենք այս պահին շարունակում ենք շինարարություն իրականացնել, քանի որ մեր ծրագրերը դիտարկում ենք երկարատև հեռանկարում և չենք պայմանավորում մեկ-երկու ամսվա խնդիրներով: Բիզնեսն իրականացնելիս գնահատվում են նաև ֆորսմաժորային ռիսկերը: Սա փչացող ապրանք չէ, իսկ մենք չենք ելնում այն կանխավարկածից, որ այս դժվարությունները չպետք է տևեն երկու կամ երեք տարի: 

«Անվտանգության բարձիկները պետք է կիրառվեն առողջների վրա, որպեսզի ճգնաժամային վիճակի հասնող ընկերությունների քանակը նվազ կլինի: Իսկ այժմ կառավարությունն ասում է՝ երբ բիզնեսը սկսի լուրջ խնդիրներ ունենալ, այդ ժամանակ կարձագանքեմ»,- ասում է Հակոբ Բաղդասարյանը: – Իսկ ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում: 

– Աշխատակիցներին կարիք է լինում անընդհատ բացատրել, ներկայացնել վիճակը, հարստացնել գիտելիքներով ու հոգեպես պատրաստել, որպեսզի մարդիկ չընկնեն այդ ալիքի տակ, ու դա բացասաբար չանդրադառնա աշխատանքի հաճախելիության վրա: Արդեն իսկ կա խնդիր: Կան մարդիկ, որ չեն հաճախում աշխատանքի: Մենք չենք կարող ստիպել նրանց գալ աշխատանքի: Յուրաքանչյուր մարդ ռիսկերն ընկալում է յուրովի: Չես կարող մարդուն ստիպել, որ ցուցաբերի զինվորական կարգապահություն, ենթարկվի հրամաններին կամ տույժ ու տուգանքներ կիրառես: Ըմբռնումով ենք մոտենում իրավիճակին: 

Կա այլ խնդիր ևս՝ շինանյութերի մատակարարումները: Ոլորտն անմասն չի կարող մնալ սահմանափակումներից: Վերցրեք ավիացիոն ոլորտը․ թռիչքների 60-70 տոկոսը չեղարկված է: Շինանյութերը չես կարող արտերկրից առցանց պատվիրել, և դրանք, այն էլ այս պայմաններում, բեռնատարներով ու առանց խնդիրների տեղափոխվեն Հայաստան: Պետք է անպայման մեկնել այդ երկիր, տեղում պայմանավորվել և լոգիստիկ լուծումներ գտնել: Մեկնելու համար պետք է թռիչքներ լինեն, որոնց մեծ մասը չեղարկված է: Շինանյութի նոր խմբաքանակների ձեռքբերումները խնդրահարույց են դառնում:

Վիճակը անշարժ գույքի շուկայում

– Ի՞նչ վիճակում է հայտնվել անշարժ գույքի շուկան՝ բնակարանների վաճառք, վարձակալություն:

– Ոլորտը սկսում է իր վրա զգալ բացասական հետևանքները: Ամեն բան սկսվում է պահանջարկի խնդիրներից և, ինչպես ասացի, ռիսկեր կան: Քաղաքացիների մոտ առաջացել են խնդիրներ՝ կապված բիզնես գործունեության, հաստատուն աշխատավարձի հետ: Հաճախորդը վերանայում է իր վարքագիծը՝ ելնելով իր մտահոգություններից ու առկա անորոշությունից: Պահանջարկի նախկինում եղած շարունակական աճը արդեն չկա: Եղածը պահելու կամ նվազագույն կորուստներով դուրս գալու խնդիր կա: 

– Որպես գործարար` ինչպե՞ս եք գնահատում տնտեսությանն աջակցելու կառավարության ներկայացրած 150 մլրդ դրամի փաթեթը, որը շուտով պետք է գործարկվի: 

– Կառավարության որդեգրած մոտեցումը խիստ թիրախավորված է։ Պայմաններում, երբ բոլորն են տուժում, այն ոչ արդյունավետ է: Ընդհանրապես, երբ որոշումը մի քանի անձերի տիրույթում է, երբ նրանք են որոշում՝ ում է նպատակահարմար տրամադել աջակցություն, ում՝ ոչ, դա որոշակիորեն իմաստազրկում է գործընթացը: Օգտվում են այն կազմակերպությունները կամ մարդիկ, որոնք արդեն հասել են օրհասական վիճակի: Եթե բժշկական բառամթերքով ասեմ, ապա օգնում են ծայրահեղ հիվանդներին և մահվան շեմին կանգնածներին: Գնում են հետևանքների հետևից։ Ավելի խելամիտ կլիներ ուշադրություն դարձնել առողջներին, որ նրանք չհիվանդանան: Այսինքն՝ կանխարգելիչ մոտեցում ցուցաբերվի, ինչպես բժշկության, այնպես էլ բիզնեսի մեջ: 

Եթե կանխարգելման ճանապարհով չգնանք, և շատ-շատ բիզնեսներ շղթայական ռեակցիայով լուրջ խնդիրներ ունենան, կառավարությունը չի կարողանա բոլորին օգնել: Երկրաչափական պրոգրեսիայով աճ կարող է լինել: Անվտանգության բարձիկները պետք է կիրառվեն առողջների վրա, որպեսզի ճգնաժամային վիճակի հասնող ընկերությունների քանակը նվազ կլինի: Իսկ այժմ կառավարությունն ասում է՝ երբ բիզնեսը սկսի լուրջ խնդիրներ ունենալ, այդ ժամանակ կարձագանքեմ: 

Արշալույս Մղդեսյան

Տե՛ս նաև՝