Մարի Սահակյան
Դրսում համաճարակ է, իսկ տանը՝ արվեստ: Չնայած մարտի 16-ից շատ թանգարաններ ստիպված էին փակել իրենց դռները, նրանցից շատերը բաց են վիրտուալ հարթակում:
Այդ թանգարանների թվում է Հայաստանի ազգային պատկերասրահը: Այս տարի լրանում է պատկերասրահի 1oo-ամյակը։ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան և սոցիալական այլ էջերում հնարավոր է գտնել արխիվային նկարներ։ Տարբեր արխիվներից դուրս են բերվելու և ցուցադրվելու են հաղորդումներ ու ֆիլմեր պատկերասրահի կամ պատկերասրահում ցուցադրված արվեստագետների մասին:
Հետաքրքիր աշխատանք է կատարում նաև Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի բաժինը․ առցանց տեղադրվում է նկար սրահի հավաքածուից՝ իրեն բնորոշ հարցերով, ապա սկսվում է քննարկում, հարցուպատասխան: Ֆեյսբուքյան էջում հնարավոր է գտնել նաև պատկերասրահի կանանց միամսյակին նվիրված կանանց դիմանկարների շարքը, որը հրապարակվում է ամեն օր:
Շատ այցելուներ հետաքրքրված են նաև Ազգային պատկերասրահում բացված Դալիի և Պիկասոյի ցուցահանդեսով: Պատկերասրահը նշում է, որ այն, անշուշտ, կհետաձգվի: Մինչ այդ այցելուները կարող են գտնել զանազան հետաքրքիր տեղեկատվություն նկարիչների մասին՝ ֆեյսբուքյան էջում:
Նորարար փորձառական արվեստի կենտրոնը նույնպես սկսել է իր կայքում տեղադրել դեռ 1992-ից այստեղ տեղի ունեցած ցուցահանդեսների նկարներն ու տեսանյութերը, որոնք արվեստասերներին բացառիկ հնարավորություն են տալիս ծանոթանալու, վերհիշելու այսքան տարիների ընթացքում ՆՓԱԿ-ում հավաքված ցուցադրությունների արխիվը:
Առցանց բաց թանգարաններ՝ նաև արտերկրում
Այս օրերին հնարավոր է ծանոթանալ նաև աշխարհի ամենահայտնի թանգարանների հավաքածուներին: Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահը իր սոցհարթակներում սկսել է «ուֆֆիցիդեկամերոն» շարժումը՝ Ջովաննի Բակաչչոյի «Դեկամերոն»-ի անունով, որի հերոսները ժանտախտի օրերին մեկուսացած լինելու ժամանակ պարապությունը սպանում էին պատմվածքներ պատմելով:
Այժմ Ուֆֆիցին առաջարկում է պարապության դեմ պայքարել արվեստով: Թանգարանում առցանց շրջագայություններ կատարելու և ցուցահանդեսներին ծանոթանալու հնարավորություն են տալիս նաև Վաշինգտոնի ազգային պատկերասրահը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Փարիզի Լուվրը, Վատիկանի թանգարանն ու մի շարք այլ թանգարաններ:
Շապիկի նկարը Հայաստանի ազգային պատկերասրահ