Ինչ է անում ԵԿԲ-ն՝ Եվրոպայի տնտեսությունը փրկելու համար․ Քրիստին Լագարդի հոդվածը 

Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը Financial Times թերթում հոդված է հրապարակել այն մասին, թե ինչ գործողություններ է նախատեսում Եվրոպայի գլխավոր դրամատունը կորոնավիրուսի համավարակի հարուցած տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Կորոնավիրուսի համավարակը արտակարգ իրավիճակ է հանրային առողջապահության ոլորտում, որն աննախադեպ է մեր նորագույն պատմության մեջ: Սա անտանելի մարդկային ողբերգություն է, որը համակել է ամբողջ աշխարհը, և մենք շնորհակալ ենք մեր առողջապահական համակարգերի անձնուրաց աշխատակիցներին առաջնագծում նրանց նվիրված աշխատանքի համար: Սա նաև չափազանց լուրջ տնտեսական ցնցում է, որը բոլոր ճակատներում պահանջում է հավակնոտ, համակարգված և հրատապ քաղաքական արձագանք՝ վտանգի տակ գտնվող մարդկանց և ընկերություններին աջակցելու համար:

Ի տարբերություն 2008-9 թվականների ճգնաժամի՝ ցնցումը, որին մենք առերեսվել ենք այժմ, համընդհանուր բնույթ ունի. այն տարածված է թե՛ երկրների, թե՛ հասարակությունների բոլոր շերտերի մակարդակում: Յուրաքանչյուր ոք պետք է սահմանափակի իր ամենօրյա գործունեությունը և, հետևաբար, իր ծախսերն այնքան ժամանակ, քանի դեռ գործելու են զսպման միջոցներ։ Ըստ էության՝ տնտեսության զգալի հատվածը ժամանակավորապես պարզապես անջատվում է։

Արդյունքում եվրոգոտում տնտեսական ակտիվությունը զգալիորեն կնվազի։ Պետական քաղաքականությունը չի կարող կանխել դա։ Կառավարություններն ընդամենը կարող են ապահովել, որ անկումն ավելի երկար ու խորը չլինի, քան դա անհրաժեշտ է։ Ներկայիս իրավիճակը ստեղծում է սուր լարվածություն դրամական հոսքերի համար՝ գոյութենական վտանգ դառնալով ընկերությունների և աշխատատեղերի համար։ Նրանց պետք է օգնության գա պետական քաղաքականությունը։

Այս խնդրին արձագանքելու անկյունաքարը պետք է լինեն առողջապահության և բյուջետային քաղաքականության հարցերը։ Դրամավարկային քաղաքականությունը կենսական դեր ունի այս տանդեմում։ Դրամավարկային քաղաքականությունը պետք է աջակցի ֆինանսական հատվածի իրացվելիությանը և ֆինանսավորման բարենպաստ պայմաններ ապահովի տնտեսության բոլոր հատվածների համար։ Սա հավասարապես վերաբերում է անհատներին, ընտանիքներին, ընկերություններին, բանկերին և կառավարություններին։

Ֆինանսավորման պայմանների որևէ խստացում կուժեղացնի կորոնավիրուսային շոկի վնասը մի ժամանակահատվածում, երբ տնտեսությունն ավելի մեծ աջակցության կարիք ունի: Պետական հատվածի (որը կոպիտ հաշվարկով կազմում է եվրոգոտու տնտեսության մոտ կեսը) համար գնալով բարդանում է ինքնաֆինանսավորումը, երբ մասնավոր սպառումն էականորեն կրճատվել է։ Դա կարող է վտանգ ներկայացնել գների կայունությանը։

Վերջին շաբաթվա ընթացքում եվրոգոտում իրավիճակն իսկապես էապես վատթարացել է։ Տնտեսական իրավիճակի մեր գնահատականը մթագնել է։ Տնտեսական հետևանքների վերաբերյալ խորը անորոշություն ներկայում նկատվում է ակտիվների բոլոր դասերում թե՛ եվրոգոտում, թե՛ ամբողջ աշխարհում: Դա հանգեցրել է ֆինանսավորման պայմանների խստացման, մասնավորապես՝ երկարաժամկետ պարտատոմսերի։ Նվազառիսկ տոկոսադրույքներն աճել են, իսկ պետական պարտատոմսերի (որոնք առանցքային են բոլոր ակտիվների գնագոյացման համար) եկամտաբերությունը աճել է համատարած: Այս զարգացումները ողջ եվրոգոտում խաթարում են մեր դրամավարկային քաղաքականության սահուն իրականացումը և վտանգում գների կայունությունը։ 

Արդյունքում Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհուրդը ստեղծել է «Պանդեմիայի արտակարգ արձագանքման գնումների ծրագիր» (Pandemic Emergency Purchase Programme) մինչև տարեվերջ 750 մլրդ եվրո դրամագլխով՝ ի լրումն մարտի 12-ին հայտարարված 120 մլրդ եվրո գումարի լրացուցիչ գնումների: Այս գումարները միասին կազմում են եվրոգոտու ՀՆԱ-ի 7,3 տոկոսը։ Այս ծրագիրը ժամանակավոր է, դրա նպատակն է դիմագրավել այն աննախադեպ իրավիճակին, որին մեր դրամային միությունն առերեսվել է։ Այն հասանելի է բոլոր իրավասություններում [ԵՄ-ի ինստիտուտների, երկրների – խմբ․] և կգործի, քանի դեռ չենք տվել կորոնավիրուսային ճգնաժամի փուլի ավարտի գնահատականը:

Նոր գործիքն ունի երեք հիմնական առավելություն. 

Նախ, այն համապատասխանում է մեր առջև ծառացած շոկի տեսակին՝ էկզոգեն, տնտեսության հիմնարար ցուցիչներից անկապ, որն ազդում է եվրոպական բոլոր երկրների վրա: 

Երկրորդ, այն մեզ թույլ է տալիս միջամտել բոլոր ժամկետներով պարտատոմսերի գործողությանը՝ կանխելով ֆինանսական ֆրագմենտացիան և վարկային գնագոյացման խեղումները։

Երրորդ, այն հատուկ հարմարեցված է կառավարելու վիրուսի աստիճանական առաջընթացը և այն անորոշությունը, թե երբ և որտեղ հետևանքները կլինեն ամենացցունը:

Սա արտացոլված է նոր ծրագրի դրույթներում և պայմաններում։ Թեև գումարների հիմնական բաշխումը տարբեր իրավասությունների մակարդակներում առանցքային է լինելու երկրների կենտրոնական բանկերի կապիտալ ներդրումների համար, ձեռքբերումներն իրականացվելու են ճկուն հիմունքներով։ Սա հնարավորություն է տալիս հաշվի առնել գնումների հոսքերի բաշխումը ժամանակի առումով, ակտիվների դասերի ու իրավասությունների առումով։

Ավելին, քանի որ որոշ ինքնսահմանափակումներ կարող են խոչընդոտել իր իսկ մանդատի շրջանակում ենթադրվող գործողությունները, ԵԿԲ կառավարիչների խորհուրդը քննարկելու է այդ սահմանափակումները վերանայելու հարցը այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր գործողություններն առկա ռիսկերին համաչափ դարձնելու համար:

Մենք լիովին պատրաստ ենք ավելացնելու ակտիվների գնման մեր ծրագրերի ծավալը և փոփոխելու ակտիվների կազմն այնքան, որքան անհրաժեշտ է և որքան ժամանակ կպահանջվի: Մենք կուսումնասիրենք բոլոր տարբերակները և բոլոր անկանխատեսելի հանգամանքները, որպեսզի տնտեսությանն աջակցենք անցնելու այս շոկը:

Մենք նաև որոշում ենք կայացրել ձեռք բերել բավարար վարկային որակի կոմերցիոն արժեթղթեր և ընդլայնել վերաֆինանսավորման գործառնություններում թույլատրելի գրավով ապահովման սահմանները։ Նպատակն է ամրապնդել այն գործողությունները, որոնք մենք ձեռնարկել ենք անցյալ շաբաթ, որպեսզի պաշտպանենք վարկերի հոսքը ընկերությունների և մարդկանց համար:

Մեր վերաֆինանսավորման գործառնությունների միջոցով մենք մինչև 3 տրլն եվրոյի իրացվելիություն ենք տրամադրում, այդ թվում՝ ամենացածր տոկոսադրույքով, որ երբևէ առաջարկել ենք՝ մինուս 0,75%։ Մեր ավանդների տոկոսադրույքներից էլ ցածր դրույքով միջոցների տրամադրումը մեզ թույլ է տալիս ամրապնդել բացասական տոկոսադրույքի խթանները և դրանք անմիջականորեն ուղղել նրան, ով դրանից կարող է առավելագույն օգուտ քաղել։ Եվրոպական բանկային վերահսկողության մարմինները նաև 120 մլրդ եվրո լրացուցիչ բանկային ազատ կապիտալ են նախատեսել եվրոգոտու բանկերի կողմից վարկավորմանն աջակցելու համար:

Այս ամենն ընդգծում Է ԵԿԲ-ի հանձնառությունը՝ իր դերը խաղալու եվրոգոտու յուրաքանչյուր քաղաքացուն աջակցելու հարցում չափազանց բարդ այս ժամանակներում: ԵԿԲ-ն կապահովի, որ տնտեսության բոլոր հատվածները կարողանան օգտվել ֆինանսավորման բարենպաստ պայմաններից, որոնք թույլ կտան հաղթահարել այս ցնցումը: Մենք կանենք մեր մանդատի շրջանակում ամեն հնարավորը, որպեսզի եվրոգոտուն օգնենք հաղթահարելու ճգնաժամը, քանի որ ԵԿԲ-ն ծառայում է եվրոպական ժողովրդին:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Հոդվածի բնօրինակը՝ The ECB will do everything necessary to counter the virus